News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայերի էությունն ու խառնվածքն այնպիսին են, որ թույլ չեն տալիս աննկատ թողնել իրենց հայրենակցի ցանկացած նվաճում կամ հաջողություն՝ աշխարհի որ ծայրում էլ լինի։ Եվ պետք է նկատել, որ քիչ չեն հպարտանալու առիթները։ Արդեն սովորական է դառնում, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների հաջողությունների մասին բազմաթիվ պատմություններ են հասնում մեզ։ Բայց այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ ոմանց մասին պատմություններն ու լեգենդները, շրջանառվելով արտերկրում, չեն հասնում կամ կցկտուր են հասնում հայ լսարանին։ Մեր այս անդրադարձը, թերևս, նման դեպքերից մեկն է և առնչվում է Եվրոպայի մշակութային ոլորտում ամենաշրջանառվող անուններից մեկին։

Բաքվի ջարդերի օրերին հայազգի Կոնստանտին Իշխանովը ստիպված էր լքել իր տունն ու տեղափոխվել նախ Մոսկվա, ապա՝ հեռավոր Մալթա։ Ճանապարհը երկար էր, բայց այդ ընթացքում բիզնեսում արդեն լուրջ հաջողությունների հասած արվեստասերն ականատես եղավ իր համար անընդունելի մի իրողության։ Կային բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, որոնցից ոմանք անզոր էին թվացյալ անհաղթահարելի իրողությունների առջև ու պարզապես կորչում էին տեսադաշտից՝ չունենալով իրենց գործունեությունը շարունակելու որևէ հնարավորություն։ Այդ դեպքերի հետ կապված հարցազրույցներից մեկում նա խոստովանեց. «Կորած տաղանդներն իմ ամենամեծ վախն են»։

Հենց սա էլ ստիպեց Կոնստանտին Իշխանովին Մալթա տեղափոխվելուց ի վեր ձեռնամուխ լինել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) ստեղծմանը։ Մեր հայրենակցի ստեղծած հիմնադրամը հանձն առավ մշակութային և կրթական նախագծերին աջակցելու առաքելությունը, ինչը թույլ կտար համակարգել երիտասարդ տաղանդների գործունեությունն ու հնարավորություն կընձեռեր երաժիշտներին՝ արժանիորեն ներկայանալ միջազգային հեղինակավոր հարթակներում:

2019թ. ապրիլին Իշխանովը դարձավ միակ օտարերկրացին, ով մշակույթի բնագավառում արժանացել է Մալթայի ազգային բարձրագույն մրցանակին՝ «Բացառիկ ավանդ Մալթայի մշակութային կյանքում» անվանակարգում։

Բարձրագույն ազգային մրցանակների հանձնման երեկոյի ամբողջ ընթացքում բեմից հնչած շնորհավորանքներն ու շնորհակալական խոսքերը հնչել են մալթայերենով։ Եղավ միայն մեկ բացառություն. շնորհակալական խոսքը հնչեց անգլերեն, երբ բեմ բարձրացավ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը», - գրում է Maltese Herald պարբերականը։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած բարեգործական մեծ համերգի շրջանակներում Իպոլիտով-Իվանովի անվան ինստիտուտի ռեկտոր Վալերի Վորոնայի կողմից Կոնստանտին Իշխանովին շնորհվեց մեկ մեդալ ևս՝ երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար։

Բնակվելով Մալթայում՝ նա արգասաբեր գործունեություն է ծավալում Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ, այդ թվում՝ խթանելով հայկական մշակույթի հանրահռչակման գործընթացը։

«Օտարերկրացիներին հետաքրքիր է Հայաստանը, նրա մշակույթը։ Ես դա առավել խորը գիտակցեցի, երբ 5 տարեկանում որդիս Երևանում՝ «Նոր անուններ» փառատոնին նվագախմբի հետ նվագելու հրավեր ստացավ ու վերադառնալուց ի վեր մեծ հետաքրքրություն հայտնեց մայրենի լեզվի, հայկական պարերի նկատմամբ։ Երբ Մալթա վերադարձավ, առաջին հարցն էր. «Կարո՞ղ եմ հայոց լեզու սովորել»», - ասում է Իշխանովը։

Հայաստանում Կոնստանտին Իշխանովի հիմնադրամը տարիներ շարունակ խթանում է մշակութային կյանքի զարգացումն ու հանդես գալիս որպես մի շարք միջոցառումների կազմակերպիչ։ Դրանք և՛ դասական երաժշտության փառատոներ են‚ որոնք անցկացվում են Հայաստանում‚ և՛ բազմաթիվ հայ հայտնի ու երիտասարդ երաժիշտների (Հայկ Կազազյան‚ Նարե Աղրամանյան‚ Խաչատրյանի անվան տրիո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ) համերգային շրջագայություններն աշխարհի տարբեր երկրներում։

«Լինելով հայ՝ ձգտում եմ Մալթայում կազմակերպվող բոլոր միջոցառումներին հնարավորինս լայնորեն ներգրավել հայրենակիցներիս: Հայտնի երաժիշտները Հայաստանի մշակութային դեսպաններն են աշխարհում: Մեր հարուստ մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում Եվրոպայում: Դա անչափ կարևոր եմ համարում», - նշում է Իշխանովը հարցազրույցներից մեկում։

Այս տարի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կայացած միջոցառումներից հատկանշական են «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական միջազգային փառատոնը և «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, որոնք իրենց մասշտաբով, յուրահատկությամբ ու համաշխարհային ճանաչման հյուրերի ներգրավմամբ (Յուրի Բաշմետ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Կառլ Ջենկինս, Ալեքսեյ Շոր, Գիդոն Կրեմեր) այդ օրերին Հայաստանը վերածեցին մշակութային կենտրոնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել