News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տուրիստական ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար կայանատեղի լինելու է, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեր ուզած տեղում լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսների վարորդներին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը:

Նա նշեց, որ մինչեւ հիմա այդ ոլորտը չի կանոնակարգվել, հիմա պետք է կանոնակարգվի, տուրիստական ավտոբուսներն ու միկրոավտոբուսները պետք է տերբարանշան ունենան. «Հիմա միջանկյալ լուծումներ ենք փորձում գտնել, մինչեւ վերջնական կարգավորումը: Մենք Սախարովի հրապարակում նայել ենք, նաեւ հանրապետության հրապարակի տարբերակն ենք նայել: Շուտով գծագիրը կլինի, ձեզ կներկայացնենք, բայց դա չի նշանակում, որ պետք է հենց հրապարակի շատրվանների դիմաց լինի ու վերջ»,-ասաց Գալստյանը:

Դիտարկմանը, որ կանոնակարգման փուլը կարող է տեւել 6 ամսից մեկ տարի, վարչության պետն արձագանքեց. «Դրա համար էլ մենք որոշել ենք մինչեւ այդ 6 ամսից մեկ տարին լրանալը, ձեզ համար տեղեր առանձնացնենք՝ գծանշումներով, որպեսզի դուք կարողանաք աշխատել»:

Էդգար Գալստյանը նշեց, որ մինչեւ օրվա վերջ այդ տեղի հարցը կլուծվի, իսկ ընտրված տեղը կլինի քաղաքի փոքր կենտրոնում:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որ խնդրին կառուցողական լուծում տրվի. «Միտքը էն չի, որ Հրապարակը մերն է, մենք ենք սարքել, էնտեղից տեղ չունենք գնալու: Մենք այդ մարդիկ չենք: Մենք ընդամենը ասում ենք՝ ինչու Ամանորի տոներից հետո մեզ համար հրապարակը չի բացվել: Թող մեզ տրամադրեն ընդամենը մեկ գիծ, որը չի խոնդոտում երթեւեկությանը, որպեսզի մեր մեքենաները կանգնեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են սկսել Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են, որպեսզի թույլ տան Հանրապետության հրապարակի հարակից հատվածում շարունակեն կայանել իրենց ավտոմեքենաները:

Մինչ այդ նրանց հայտնել էին, որ եթե իրենց մեքենաները դուրս չբերեն Հանրապետության հրապարակից, էվակուատորներով մեքենաները դուրս կբերեն: Երբ բերեցին էվակուատորը, ակցիայի մասնակիցները իրենց մեքենաներով շարժվեցին դեպի քաղաքապետարանի շենք եւ ակցիան շարունակում են այստեղ:

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքում են. նրանց թույլ չեն տալիս կանգնել Հանրապետության հրապարակում

Տպել
Ամենաշատ