News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փարիզի դատարանում սկսվել է «հեռախոսային գաղտնալսման գործով» դատավարությունը, որում երեք ամբաստանյալներից ամենահայտնին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է: Նրա դեմ առաջադրվել են «կոռուպցիայի» եւ «ազդեցությամբ առեւտրի» մեղադրանքներ: Ներկայացված մեղադրանքներով նրան կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում: Պետության նախկին ղեկավարն ինքը, ինչպես նաեւ մյուս երկու մեղադրյալները, հերքում են իրենց մեղքը։ Սա Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ առաջին դատավարությունն է, երբ նախկին նախագահն անձամբ կանգնած է դատարանի առջեւ, հաղորդում է RFI-ն:

«Գաղտնալսման գործով» ներգրավված երեք անձանց առաջադրված մեղադրանքները ներկայացվել են 2014-ի հուլիսին, եւ միայն այժմ է գործը հասել դատարան:

Բացի 65-ամյա Նիկոլա Սարկոզիից, մեղադրվում է նրա փաստաբան եւ ընկեր Թիերի Հերցոգը, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի նախկին դատախազ Ժիլբեր Ազիբերը:

Ըստ մեղադրանքի տվյալների, նախկին նախագահը կարող էր իր փաստաբանի միջոցով գաղտնի տեղեկատվություն ստանալ դատախազից, այդ թվում՝ քննիչների կողմից իր հեռախոսների գաղտնալսումների մասին՝ այլ հետաքննությունների համար, մասնավորապես` «լիբիական գործով» եւ, այսպես կոչված, «Բատանկուրի գործով»:

Բացի այդ, մեղադրող կողմը կարծում է, որ նախկին նախագահը դատախազ Ազիբերին խնդրել է «նպաստել» իրեն ձեռնտու դատավճռի կայացմանը: Մասնավորապես, Սարկոզին պահանջել է Վճռաբեկ դատարանի միջոցով արգելել դատախազությանը ուսումնասիրել իր աշխատանքային գրաֆիկը՝ նախագահական լիազորությունների իրականացման ժամանակ։

Դատախազությունը կարծում է, որ Ժիլբեր Ազիբերը Սարկոզիին մատուցած «ծառայության» դիմաց խնդրել է կազմակերպել իր նշանակումը Մոնակոյի իշխանական բարձր պաշտոնում:

Ազիբերին եւ Հերզոգին, բացի «կոռուպցիայի» եւ «ազդեցությամբ առեւտրի» հոդվածներից, առաջադրվում է նաեւ «հետաքննության գաղտնիքները բացահայտելու» մեղադրանք:

Նախկին նախագահն ինքը հայտարարում է իր լիակատար անմեղության մասին եւ իրեն առաջադրված մեղադրանքները անվանում է «սկանդալային»: Նրա պաշտպանության փաստարկների շարքում է այն փաստը, որ պարոն Ազիբերը Մոնակոյում ոչ մի պաշտոն չի ստացել, եւ որ «գրաֆիկների վերաբերյալ» Վճռաբեկ դատարանի 2014թ. որոշումը Սարկոզիի օգտին չէ:

Պետական մեղադրողն իր հերթին պնդում է, որ այդ պաշտոնում նշանակվելու հարցում Ազիբերին օգնելու միայն «մտադրությունը», որն արտահայտել է Նիկոլա Սարկոզին, արդեն իսկ հանցագործություն է:

Ֆրանսիայի հետպատերազմյան պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահն «անձամբ» դատարանի առջեւ է կանգնում։ Ժակ Շիրակը, ով 2011թ. պայմանական դատապարտվել էր, առողջական պատճառներով չէր ներկայանում լսումներին։

Առողջության հարցը հենց սկզբից փոփոխություններ է մտցրել նաեւ այս գործընթացում` 73-ամյա նախկին դատախազ Ժիլբեր Ազիբերը առաջին օրը չի ներկայացել դատարան՝ պատճառաբանելով կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իր առողջության համար վտանգները: Ազիբերի պաշտպանությունը դատարանին է հանձնել համապատասխան բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրությունից առաջ դատական լսումներն արդեն դադարեցվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ