News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

1,5 տարին առավելագույն ժամկետն է, որի ընթացքում ժողովրդի ձայնը գողացած ուժը կարող է վայելել իշխանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններին ավելի մեծ հիասթափություն է սպասվում, այն չի կարողանա պատասխան տալ իր արարքների համար:

Մանթաշյանը հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընտրությունները կանցկացվեն առավելագույնը 1,5 տարի անց, իսկ գործընթացները կգեներացվեն ավելի վաղ, որից հետո կանցկացվեն ընտրություններ:

Նարեկ Մանթաշյանը համոզմունք հայտնեց, որ «սեւ փիառը», որն իրականացվեց «Հայաստան» դաշինքի դեմ ընտրությունների նախօրեին եւ ընտրությունների օրը (երբ թռուցիկներ էին տարածվում), բոլորը միեւնույն շղթայի օղակներն են:

«Քոչարյանի դեմ տեղեկատվական պատերազմի նման մեթոդները կիրառվում են արդեն շատ երկար ժամանակ: Իշխանությունները դրա համար օգտագործում են իրենց բոլոր լծակները: Նրանք լրատվամիջոցներով քարոզչական հնարքների միջոցով, այն ուժերի հետ միասին, որոնք ստեղծել են այդ լրատվամիջոցները, ամեն ինչ արել եւ անում են մեզ նսեմացնելու համար: Հույս կա, որ հասարակությունը վերջապես կհասկանա, որ սրանք պարզապես տեխնոլոգիաներ են: Ոչինչ իրական չէ նրանից, ինչ ներկայացվում է ժողովրդին:

Երեք տարվա ընթացքում, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ մեր քաղաքական ուժը սկսեց գործել՝ զրոյական վիճակից սկսած (հաշվի առնելով, թե քանի մարդ էր հավաքվել դատարանի շենքի առջեւ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի), մենք այսօր ունենք 270.000 քաղաքացիների ձայն: Սա լուրջ արդյունք է, սակայն ոչ բավարար: Պաշտպանելով մեզ քվեարկած ընտրողների շահերը, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից, կկարողանանք ճշմարտությունն էլ ավելի շատ մարդկանց հասցնել, ճշմարտություն, որը թաքցնում են իշխանամետ լրատվամիջոցները», - ավելացրեց նա:

Մանթաշյանը նշեց, որ ընդդիմության համար ամենալուրջ մեխանիզմը դրա՝ կցորդը չլինելն է:

«Բոլորն էլ գիտեն, որ մենք չենք կարող որեւէ հարաբերություն ունենալ դավաճան իշխանության հետ, չի լինի այն, ինչ նախկինում նկատվում էր խորհրդարանում: Մենք թույլ չենք տա, որ նրանք կամայականություններ անել Ազգային ժողովում՝ հաշվի առնելով, որ իշխանությունները չունեն համապատասխան մեխանիզմներ խորհրդարանում՝ տեղերի երկու երրորդի բացակայության հետ կապված, - բացատրեց նա:

Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համաչափ գնահատական ​​կտան յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի:

«Եթե իրավիճակը թելադրի գրավել խորհրդարանի ամբիոնը, ապա կարող եք վստահ լինել, որ ամբիոնը կգրավվի: «Հայաստան» դաշինքի բոլոր գործողությունները հավասարակշռված կլինեն: Ժողովուրդը կտեսնի, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը: Ընտրախախտումներն իսկապես աննախադեպ են, արձանագրվել են հարյուր հազարավոր խախտումներ: Եվ սրանք միայն այն դեպքերն են, որոնք գրանցվել են: Համոզված ենք, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Արդյո՞ք իշխանությունների կողմից կազմված Սահմանադրական դատարանը կդառնա դրա կցորդը, կդառնա հանցակից, թե՞ կմնա բարձունքում. այս պահին ոչինչ չեմ ցանկանում կանխատեսել: Պետք է սպասել իրավական գործընթացների ավարտին», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով նոր խորհրդարանում կներկայացվեն երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիրը» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) , «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել են, որ չեն ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ խախտումների պատճառով մտադիր են դիմել Սահմանադրական դատարան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ