News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ծաղկունյաց լեռնաշղթայի գրանիտոիդային մագմատիզմի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի այժմյան տարածքի ամենահին մագմատիկ (հրային) ապարների տարիքը 545-530 միլիոն տարի է, այլ ոչ՝ 680-670 մլն, ինչպես համարում էին նախկինում։ Տարիքի ճշգրտումը կատարվել է թայվանական երկրաբանների հետ համագործակցությամբ (նրանց լաբորատորայիում), և հետազոտության արդյունքները ամփոփվել են Galoyan, Ch.L., Chung S.L., Melkonyan R.L., Lee Y.H., Atayan L.S., Ghukasyan R.Kh., Khorenyan R.H., Grigoryan A.G., Sahakyan S.S. and Avagyan N.A., 2020. Late Neoproterozoic-Early Cambrian, Late Paleozoic and Late Jurassic granitoid magmatism on the northern active margin of Gondwana, Tsaghkunyats anticlinorium of Lesser Caucasus (Central-Northern Armenia). Proceedings NAS RA, Earth Sciences, v.73, N2, 16–43. հոդվածում։

Ինչպես նշում է հետազոտական խմբի ղեկավար, երկրաբան Ղազար Գալոյանը, հետազոտման տարածքն աշխարհագրորեն համընկնում է Հրազդան գետի աջափնյակին, որը հյուսիսում սահմանափակվում է Մարմարիկ գետի հունով և հասնում է մինչև Սպիտակի լեռնանցք՝ հյուսիս-արևմուտքում։

Նկար 1. Հայաստանի և Արցախի հանրապետությունների սխեմատիկ երկրաբանական քարտեզն ըստ (Հայաստանի ազգային ատլաս, 2007, 26-27 էջեր), փոփոխված Ղ.Գալոյանի կողմից։ Կարմիր շրջանակը համընկնում է հետազոտված շրջանին (նկար 2)։

Առհասարակ, ըստ գիտնականի, Հայաստանի տարածքը շատ գրավիչ երկրաբանություն ունի։ «Չնայած փոքր տարածքին՝ մենք ունենք ապարների մեծ բազմազանություն՝ ամենա հնից մինչև ամենաերիտասարդը։ Հայաստանն ակտիվ, հարուստ հրաբխային երկիր է, և մենք ունենք նույնիսկ մարդու աչքի առաջ ժայթքած հրաբուխներ, որոնք հասակագրվում են մինչև 3 հազար տարեկան։ Այսպիսով, ունենք ապարների բազմազանություն ըստ ծագման՝ մագմատիկ (հրային) ապարներ, մետամորֆային, այսինքն, փոխակերպված և ունենք նստվածքային ծագման ապարներ։ Ծաղկունյաց լեռնաշղթայում մերկանում են ամենահին ապարները, և մենք ուսումնասիրել ենք մեկ բաղադրիչը՝ գրանիտային, այսինքն, թթու կազմի խորքային հրաբխային ապարները», - ասում է գիտնականը։

Այդ գրանիտային ապարները հասակագրվել են Թայվանում ուրան-կապարային մեթոդով։ Եվ պարզվել է, որ այն ապարները, որոնք նախկինում համարվել են ամենահինը, և դրանց հասակը գնահատվել է 680-670 մլն տարի (մինչքեմբրյան դարաշրջան), իրականում 270-250 մլն տարեկան են (միջին-վերին պերմյան դարաշրջան)։ Հայաստանի ամենահին մագմային ապարները հասակագրվել են 545-530 (ստորին քեմբրյան դարաշրջան) մլն տարեկան։ Ավելի երիտասարդ ապարներ էլ կան՝ 155-140 մլն տարեկան (միջին յուրայի դարաշրջան)։ Տարբեր տարիքի այս գրանիտային ապարները տարբեր միներալային կազմություն ունեն, բայց բոլորը թթու կազմի են՝ սիլիցիումի բարձր պարունակությամբ պայմանավորված։ Այժմ, երբ հայ գիտնականներն արդեն գիտեն ուսումնասիրված ապարների ճշգրիտ տարիքը, մնացած ապարները կարելի է հասակագրել՝  համեմատելով դրանց կազմությունը հայտնի նմուշների հետ։

Լսում եմ գիտնականին և բարձրաձայն մտածում․ մարդու երևակայությունը անգամ մեկ միլիոն տարին չի կարող «մարսել», իսկ այստեղ խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է։ Չափման անճշտությունը, երևակայելն անգամ անհնար է, կազմում է մինչև 10 մլն տարի։ Ղազար Գալոյանը ժպտալով նշում է, որ իր մոտ նույնպիսի տարակուսանք է առաջացնում այն, թե ինչ հեշտությամբ են տնտեսագետները «խաղում» դրամական միջոցների միլիոնների և միլիարդների հետ, երբ մեզ համար դրամական պատկերացումների սահմանը հարյուրը կամ հազարն է։

«Մեր, երկրաբաններիս, բախտը բերել է, մենք միլիոնների հետ գործ ունենք, - կատակում է նա և շարունակում, -  մարդկային գործունեությունը երկրաբանության մասշտաբների մեջ չի տեղավորվում, մարդը լավագույն դեպքում կարող է ապրել մի 100 տարի, իսկ դա ոչինչ է երկրաբանական չափումներով։ Անգամ մարդկության ողջ պատմությունը, եթե համարենք մի 40 000 տարի (բանական մարդ), ամբողջ երկրաբանական ժամանակագրական սյունյակի վրա, որը հաշվվում է մոտ 4,5 մլրդ տարի, մի փոքրիկ գծիկ է, որը մի կերպ է երևում»։

Ի՞նչ է տալիս հայ գիտնականներին ամենահին ապարների տարիքի ճշգրտումը։

Առաջինը, Հայաստանը կապող օղակ է Արևելքի և Արևմուտքի միջև ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև երկրաբանական իմաստով։ Ավելի ստույգ, սկզբից՝ երկրաբանական, հետո նոր՝ աշխարհաքաղաքական։ Մենք գտնվում ենք ալպ-հիմալայան երկրաբանական ծալքավոր գոտու միջանկյալ մասում։ Իսկ հյուսիս-հարավ ուղղության վրա մեր տարածքն ընդհանրապես հանգուցային գոտի է, բայց այդ մասին ավելի ուշ։

Հայ գիտնականները համադրեցին ստացված տվյալներն իրանցի և թուրք գիտնականների նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ։ Պատկերավոր ասած, ստուգեցին ժամացույցները։ Պարզվեց, որ և Իրանում, և Թուրքիայում դիտվում է ստորին քեմբրյան (որը բնորոշ է նաև աֆրիկյան մայրցամաքին) և միջին յուրային մագմատիզմ, և այս ամենը ճշգրիտ ներգծվում է ալպ-հիմալայան ծալքավոր գոտու մասին պատկերացումների մեջ։ Ինչ վերաբերում է միջին-վերին պերմյան (270-250 մլն տարի առաջ) շրջանին, ապա այդ մագմատիզմը դիտվում է Արևմտյան Հայաստանի մի քանի հատվածներում, այդ թվում՝ Վանա լճի շրջակայքում, բայց Իրանում այն բացակայում է, և այդ հարցը դեռ ուսումնասիրման կարիք ունի։

Երկրորդ, ապարների հետազոտությունը զուտ հասակագրումը չէ։ Դրանց կազմության  ուսումնասիրությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ է կատարվել տվյալ տարածաշրջանում այդ ապարների առաջացման ժամանակ։ Այն ժամանակ, երբ դեռ չկային մարդիկ, որոնք կարող էին նկարագրել իրենց աչքով տեսածը։

«Սխալ հասակագրման պատճառով ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի երկրաբանները մտածում էին, որ մեր տարածաշրջանը 250–270 մլն տարի առաջ եղել է պարզապես պասիվ նստվածքակուտակման վիճակում։ Մենք ցույց տվեցինք, որ ոչ, մենք ունեցել ենք նաև ստորգետնյա մագմատիզմ, որը հրաբխականության խորքային տարատեսակն է, ինչը մենք համարում ենք լուրջ փոփոխություն, և դրա բացատրության համար առաջարկում ենք մեխանիզմ», - ասում է Ղազար Գալոյանը։

Այդ մեխանիզմը հասկանալու համար պետք է դիտարկել մագմատիզմի տեսակները։ Դրանք հիմնականում երեքն են․ սուբդուկցիոն, սպրեդինգային և ներսալային։

Սուբդուկցիոն մագմատիզմ դիտվում է, օրինակ, Ճապոնիայում․ օվկիանոսային հսկայական սալը, ամբողջ օվկիանոսի հատակը խորասուզվում է Ճապոնիայի տակ, ու շարունակաբար, Եվրասիական մայրցամաքի տակ։ Ճապոնիայում (և ամբողջ Խաղաղ օվկիանոսի շուրջ) բոլոր երկրաշարժերը պայմանավորված են դրանով։

«Հաջորդ տիպը սպրեդինգայինն է։ Ատլանտյան օվկիանոսի մեջտեղով, հյուսիսից հարավ անցնում է մի գիծ, որը ստորջրյա լեռնաշղթա է։ Այդ լեռնաշղթայից դեպի արևելք հատվածը շարժվում է եվրոպական սալի հետ, իսկ արևմտյանը՝ Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի։ Այսինքն, այստեղ տեղի է ունենում օվկիանոսի ընդարձակում։ Խորքից հրահեղուկ մագմային նյութը բարձրանում է վերև, և սպիացնում է հեռացող հատվածները, իսկ մեջտեղում տեղի են ունենում երկրաշարժեր կամ հրաբուխներ։ Իսլանդիայում մի քանի տարի առաջ ժայթքած Էյաֆյատլայոկուդլ հրաբուխը, որը կաթվածել էր ողջ Եվրոպան, այդ ապրեդինգային մագմատիզմի արդյունք էր», - պատմում է գիտնականը։

Մագմատիզմի երրորդ տեսակը՝ ներսալայինը, դիտվում է օվկիանոսների կամ ցամաքների ներսում, այլ ոչ դրանց սահմանների մոտ։ Օրինակ, օվկիանոսի ներսում ամենահանրահայտ հրաբխային գոտին Հավայան կղզիներն են։ Ներսալային մագմատիզմի դեպքում մագման առաջանում է մեծ՝ մի քանի հարյուր կիլոմետր խորության վրա (միջինում՝ 650 կմ, սպրեդինգայինի դեպքում մագման գոյանում է շուրջ 60-80 կմ խորության վրա, իսկ սուբդուկցիոնի՝ մինչև 100 կմ)։ Խորքում գոյություն ունեցող  ջերմության բարձրանալու ճանապարհին երկրակեղևի տակ տեղի են ունենում կոնվեկցիոն շարժումներ։

Հայաստանի հին գրանիտային ապարների քիմիական բաղադրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում եղել է ոչ թե ներսալային, ինչը տրամաբանական է թվում, այլ սուբդուկցիոն մագմատիզմ։

Իսկ որտե՞ղ է այդ դեպքում օվկիանոսը։

«Մի բացահայտում անեմ, ներկայիս Հայաստանի տարածք չի եղել։Այստեղ եղել է ջուր՝ Թետիս օվկիանոսը։ Իսկ Հայաստանըկամ նրա մեծ մասը եղել է հասարակածից հարավ։ Եթե դիտարկենք Ամասիայից դեպի Ստեփանավան, Ստեփանավանից մինչև Դիլիջան, այստեղից Սևանի հյուսիսարևելյան ափով, այնուհետև Արցախի տարածքով մինչև Մերկասար (Լիսագոր) եղած գոտին, ապա դա սահման է։ Հյուսիսում մենք գործ ունենք հավանաբար Լավրասիա մայրցամաքի մնացորդների հետ, իսկ հարավում՝ Գոնդվանական մայրցամաքի, որի մեջ ժամանակին մտել են Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Արաբական թերակղզին, Անտարկտիկան, Հնդկական սուբկոնտինենտը, Ավստրալիան և Զելանդիան։

Տարբեր ժամանակներում այդ ջրային ավազանը փակվել է, ցամաքները մոտեցել են իրար, այնուհետև կրկին բացվել է։ Օրինակ, Յուրայի դարաշրջանում՝ 200-140 մլն տարի առաջ այդ տարածքը եղել է ջրով լցված։ Մեծ Կովկասը և Վրաստանի ներկայիս տարածքի հարավային մասերը, որոշակի հատված միգուցե հյուսիսային Հայաստանից, մասնավորապես Ալավերդին, Տավուշը, ջրից հյուսիս ընկած մայրցամաքի մաս են կազմել։ Իսկ Արարատյան դաշտավայրը, Վայոց Ձորը, Նախիջևանն ու Իրանը՝ հարավային մայր ցամաքի՝ Գոնդվանայի։ Ավելի ճիշտ, Արաբական սալի, որը պոկվել է Աֆրիկայից, իսկ Աֆրիկան Գոնդվանայի մաս է եղել», - պարզաբանում է Ղազար Գալոյանը։

Եվ ահա եկավ մի ժամանակ, երբ արաբական սալը բախվեց եվրասիականին։ Ու Ամասիա-Ստեփանավան-Դիլիջան-Սևան-Ղարաբաղ մինչև Արաքսի հովիտհատվածում առաջացավ այսպես կոչված կարային գոտի։ Այդ պրոցեսը սկսեց մոտավորապես 85 մլն տարի առաջ, և, ենթադրաբար, ավարտվեց 70 մլն տարի առաջ։ Այսինքն, 70 մլն տարի է, որ Հայաստանի տարածքը գոյություն ունի որպես ամբողջական ցամաքամաս։

«Այդ տեսանկյունից Հայաստանի տարածքը հանգուցային է, որովհետև այս պահին, այս մեր մնացած փոքրիկ Հայաստանի ընդամենը 30 հազ քառակուսի կիլոմետրի վրա մենք ունենք և եվրասիական մասի վկաներ, և գոնդվանական, և դրանց հպումը, որը սպիացրել է նախկին օվկիանոսի մնացորդի տեղը», - ասում է նա։

Գիտնականի խոսքով, այս պահին Հայաստանի տակ ենթադրվող հրաբխականության հիմնական պատճառը արաբական սալի շարունակվող մոտեցումն է, որը սեպաձև դեմ է առնում Եվրասիային, ևհենց այդ սեպաձև հատվածի ամենասուր անկյան տակ գտնվում է Հայաստանը։ Ամբողջ Հայկական բարձրավանդակը, Կովկասը, իրանական ամբողջ գոտին գտնվում է արաբական սալի ճնշման ներքո։

«Բարեբախտաբար մենք հիմա չունենք հրաբխային գործունեություն, բայց սեյսմիկ հիմնական ակտիվությունը պայմանավորված է այդ շարունակվող ճզմումով», - ասում է Ղազար Գալոյանը։

Նկար 2. Ծաղկունյաց անտիկլինորիումի երկրաբանական քարտեզի (ըստ Аракелян, 1973) մեր կողմից վերափոխված և սխեմատիզացված տարբերակ։ 1 – չորրորդական նստվածքներ, 2 – չորրորդական բազալտներ, բազալտային անդեզիտներ և տուֆեր, 3 – միոցեն-պլիոցենի տարատեսակ անդեզիտներ, ռիոլիտներ, բրեկչիաներ և տուֆեր, 4 – վերին էոցենի տրախիանդեզիտներ, տրախիդացիտներ, լեյցիտային պորֆիրներ, 5 – վերին էոցենի բազալտներ, անդեզիտներ, դացիտներ, ռիոլիտներ, պիրոկլաստիկ առաջացումներ, 6 – միջին էոցենի բազալտներ, անդեզիտներ, դացիտներ, ռիոլիտներ, տուֆեր, տուֆիտներ և ավազաքարեր, 7 – ստորին-միջին էոցենի կոնգլոմերատներ, կրաքարեր, ավազաքարեր, անդեզիտներ, դացիտներ, 8 – պալեոցեն-ստորին էոցենի կրաքարեր և մերգելներ, 9 – վերին կավճի կոնգլոմերատներ, ավազաքարեր, մերգելներ, կրաքարեր և կավային թերթաքարեր, 10 – միջին յուրայի (?) կամ վերին պալեոզոյի (?) փիլոու բազալտներ և անդեզիտային սերիա, 11 – վերին պրոտերոզոյան-ստորին պալեոզոյան (?) մետամորֆային համալիր։ Վերին էոցենի ինտրուզիաներ (12-16)՝ 12 – պորֆիրային գրանիտներ, 13 – ալկալային սիենիտներ, 14 – պսևդոլեյցիտային և նեֆելինային սիենիտներ, 15 – պորֆիրային գրանոսիենիտներ, 16 – մոնցոնիտներ, քվարցային մոնցոնիտներ և սիենիտներ, դիորիտ-գրանադիորիտներ, 17 – վերին յուրա-ստորին կավճի տոնալիտային ֆորմացիա, 18 – միջին-վերին պերմի պլագիոգրանիտներ, 19 – նեոպրոտերոզոյան-ստորին քեմբրիան գրանիտագնեյսներ, 20 – խզումներ, 21 – բնակավայրեր։

Անահիտ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ