News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Կյանքի 86-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը:

Համալսարանից հայտնում են, որ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 17:00-ին, «Անդորր» սգո սրահում, հուղարկավորությունը` հունվարի 21-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:

Մաքսիմ Սարգսյանը մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958 թվականին համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Արցախում՝ մշակույթի բնագավառում։ 1962-1966 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի ասպիրանտ։ 1963-1972 թվականներին՝ ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտի պաշտոնակատար, 1972-1975 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ ինֆորմացիայի սեկտորի ավագ գիտաշխատող:

Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Անձնական պահանջմունքները սոցիալիստական վերարտադրության տեսության մեջ և պրակտիկայում» թեմայով:

Մաքսիմ Սարգսյանը 1975-2002 թվականներին եղել է ՀՊՄՀ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ և պրոֆեսոր, 2002-2014 թվականներին՝ նույն ամբիոնի վարիչ, հետագայում՝ պրոֆեսոր-խորհրդատու:

Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանի աշխատությունները վերաբերում են սեփականության, բնակչության պահանջմունքների և կենսակերպի սոցիալ-տնտեսական հիմնահարցերին, ինչպես նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին։

7 մենագրության և ավելի քանի 60 գիտական հոդվածների հեղինակ էր, ռուսերենից թարգմանել էր քաղաքատնտեսության 1 դասագիրք։

Մաքսիմ Սարգսյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 1990 թվականին Երևանում կազմակերպել և ղեկավարել է «Մեղրագետ» հայրենակցական միությունը, որը պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո օգնել է Արցախին։ Պարգևատրվել է 4 աշխատանքային, 4 մարտական մեդալներով, մի շարք պատվոգրերով։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Մաքսիմ Սարգսյանի ընտանիքին և մտերիմներին՝ վաստակաշատ մանկավարժի և գիտնականի մահվան կապակցությամբ:

Տպել