News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, մասնակի բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ 
«Դատարանի որոշումն անհիմն ու ապօրինի էր։ Մեր փաստարկներին դատարանը չի անդրադարձել, մենք ապացուցել ենք, որ ՔՊ-ականները նիստի մասին տեղյակ են եղել, տեսել են, բայց չեն մասնակցել դրան, իսկ դատարանը անտեսել է մեր ապացույցները։ Մենք ամենայն հավանականությամբ կբողոքարկենք այս որոշումը Վերաքննիչ դատարանում, մեկ ամիս ժամանակ ունենք։ ՔՊ-ն պահանջել էր նաեւ, որ համայնքի ղեկավարի ընտրությունը եւս անվավեր ճանաչվի, բայց դատարանը չի բավարարել այդ մասը։ Դատարանը թերի ու անհասկանալի որոշում է կայացրել այն մտքով, որ Վերաքննիչ բողոք տարվի, կոպիտ ասած՝ իր վրայից գցել է այս գործը»,- նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել էր։ 
«Մերի Համբարձումյանը Գեղարքունիքի մարզն ընդհանրապես չի սպասարկում, բայց գործն  իրեն է մակագրվել։ Ինքը սպասարկում է Երեւանը, Ջրվեժը, Կոտայքի մարզի մի քանի համայնք։ Գեղարքունիքն այլ դատավոր է սպասարկում, որին գործը չի մակագրվել։ Մենք ենթադրում ենք, որ դատավորի վրա կա ազդեցություն։ Ինքն ամեն ինչ անում է, որ արագ քննի ու արագության տակ էլ ինքը բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Հարությունյանը։

Դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները, որի ժամանակ համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ