Մինչ աշխարհում այսօր նշվում է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, Հայաստանի դպրոցներում ոտնահարվում են ուսուցչուհիների իրավունքները` չվճարելով իրենց հասանելիք աշխատավարձերի 10-30 տոկոսը: Այդ մասին այսօր` նոյեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով, Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ում անունը մարքսիստը չցանկացավ հրապարակել, լացակումած ու ստորացված իրեն ասել է, որ տնօրենն արդեն 3 ամիս է, ինչ իր աշխատավարձի 30 տոկոսը պահում է: «Ուսուցչի նկատմամբ, որը բացատրություն է պահանջել իր կիսատ ստացած աշխատավարձի համար,  բացի բարոյահոգեբանական ճնշումներից, նաեւ ֆիզիկական բռնություն է կիրառվել: Տնօրենի հրահանգով, 11-րդ դասարանի երեք աշակերտ բռնություն են կիրառել ուսուցչուհու նկատմամբ եւ քացով հարվածել են նրա որովայնին»,-ասաց նա:

Մարքսիստի հավաստմամբ` ինքն այս դեպքի առթիվ դիմել է Գլխավոր դատախազություն եւ Կրթության եւ գիտության նախարարին, բայց ստացել է «ни ответа, ни привета»:

«Այդ դպրոցի տնօրենը պահում է արտոնյալ կանանց «ոհմակ», «հարեմ»: Սուլթան տնօրենը հանգստանում է, իսկ «հարեմը»` իշխում: Այդ արտոնյալ ուսուցիչներից ոմանք 7 դասղեկական դասարան ունեն, ստանում են միլիոններ, մինչդեռ մնացածին չեն տալիս նույնիսկ իրեն հասանելիք աշխատավարձը»,- ասաց մարքսիստը` նշելով, որ ուսուցչուհին ոստիկանություն չի դիմել:

Ի պատասխան այդ հայտարարության, թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Պապյանն այդ դպրոցում  աշխատանքի է անցել 2010թ. Դավիթ Հակոբյանի եւ իր ընկերոջ խնդրանքով: «Ուսուցչուհին սկզբում ներկայացել է որպես Դավիթ Հակոբյանի մորաքրոջ աղջիկ, բայց հետո պարզվեց, որ Լարիսա Գուրգենովնան  Դավիթ Հակոբյանի մորաքրոջ աղջիկը չէ, եւ ընդհանրապես բարեկամ չէ, այլ` ասում են, որ սիրուհին է: Դրա համար էլ այդպես ոգեւորված, բուռն մղումով պաշտպանում է իր...»,-ասաց Էլոյանը:

«Պապյանը դասից դուրս էր հանել երկու աշկերտի, աշխորհրդի նախագահն էլ Պապյանից խնդրել էր, որ դրսում գտնվող երկու տղաները դասի նստեն, քանի որ նկարահանում պետք է լիներ դպրոցում, իսկ նա ասել էլ «пошел вон»: Տղան էլ ասում է` ինչու եք վիրավորում, իսկ Պապյանը փողոցային լեզվով տղային ասում է  «անբարոյականի տղա»: Տղան վրա է գալիս, ընկերները թեւերից քաշում են, դե, ուսերից քաշելուց` տղայի ոտքը վերեւ է բարձրանում եւ կպնում ուսուցչի ոտքին, բայց ոչ որովայնին, ինչպես ներկայացրել է Դավիթ Հակոբյանը: Իսկ Պապյանն այդ դեպքի մասին ասաց, որ տղան ինձ խփեց, ես նրան հայհոյեցի»,-ասաց Էլոյանը:

Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձի պահումներին, ապա տնօրենը տեղեկացրեց, որ ավագ դպրոցներին հատկացված գումարի չափը չի բավարարում, որպեսզի իրենք կարողանան լիարժեք վարձատրել ուսուցիչներին.«Պահումներ արվում են բոլոր դպրոցներում: Մեկ աշակերտի հասնող ֆինանսավորման թիվը չի բավարարում դպրոցներին, եւ այդ պահումների հիմնավորումը կա ըստ օրենքի եւ նախարարի հրամանի»:

Ինչ վերաբերում է 7 դասղեկական դասարան ունենալուն, ապա տնօրենն ասաց, որ գոյություն ունի նոր հաստիք` սոցիալական մանկավարժ եւ այդ մասնագետը զբաղվում է միայն 4-5-րդ դասարանների դասղեկությամբ:

«Երեկ դպրոցում էր այդ ուսուցչուհին, եւ տնտեսագիտական հոսքի դասարանում կրկին խնդիր ունեցավ, աթոռ էր ջարդել, մի աշակերտի գրքով էր խփել, մի աղջկա վիրավորել էր` ասելով, մորդ էլ ինչ կուզեմ կասեմ, ինչ կուզեմ կանեմ: Ինձ ով կարա բան ասի, չգիտեք` ում հետ գործ ունեք: Ընդհուպ բանը հասել է նրան, որ երեխաները գրավոր բողոք են ներկայացրել եւ արդեն երկուշաբթի տեղի կունենա մանկավարժական խորհրդի նիստ, որին ներկա կլինի նաեւ Պապյանը, ում հատուկ կհրավիրեն նիստին, որի ընթացքում կքննարկվի նրա հետագայում աշխատելու հարցը»,- ասաց  տնօրենը: