Մարդկանց փոխարեն, ովքեր երկար ժամանակ բացակայում են Հայաստանից կամ հստակ տեղեկություններ կան, որ այլ երկրի քաղաքացի են, բայց դեռեւս կան ընտրական ցուցակներում, անձնագրերով խմբեր են պատրաստվում: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Ըստ Վ. Խաչատրյանի` այդ մարդիկ գալիս են քվեարկության անձնագրերով, որտեղ նկարը իրենցն է, բայց անուն ազգանունը, այլ մարդու է եւ այդ խմբերը քվեարկում են 10-15 տեղում: Իսկ վերջում այդ անձնագրերը վերանում են:
Նա նաեւ հիշեցրեց, որ իրենց չտրամադրեցին ընտրողների ցուցակները եւ չբավարարեցին մատները թանաքոտելու պահանջը, ընդգծելով, որ մինչեւ 1998 թվականը այդ ցուցակները փակցվում էին եւ մարդու իրավունքերը չգիտես ինչու չէին ոտնահարվում:
Սակայն Վահագն Խաչատրյանը հավաստիացրեց, որ հիմա իրենց համակիրները ստուգում են ցուցակներում տեղ գտած այն մարդկանց անունները, ովքեր բացակայում են երկրից:




























