Հայ ազգային կոնգրեսի կողմից թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է ապրիլի 4–ին, Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա՝ նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված՝ ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանից հանձնաժողովը բողոք է ստացել, որը քննարկման է առնելու հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, ժամը 15-ին:
«Միաժամանակ, Վլադիմիր Կարապետյանը թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից պաշտոնապես չի տեղեկացվել բողոքի բովանդակության մասին:
Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են նաեւ, որ շտաբը կներկայացնի իր փաստարկները եւ մամուլին մեկնաբանություններ կտա՝ հանձնաժողովի նիստից հետո, երբ տեղեկանա խնդրո առարկային եւ լսի բողոքողին: Նիստը տեղի է ունենալու հետեւյալ հասցեով. Նոր Նորք վարչական շրջան, Գայի 17, Դանիելյանի անվան արվեստի դպրոց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ նշվել էր մամուլում, Սամվել ֆարմանյանը դիմել է թիվ 2 ԸԸՀ-ին եւ նշել, թե իր մրցակիցն արդեն սկսել է քարոզչական բնույթի նյութերի տարածումը` խախտելով Ընտրական օրենսգիրքը։




























