Երեւանից Վանաձոր հարս գնացած Արեւիկի մայրը «խաբնվելով» խնամիների թվացյալ ունեցվածքին դստերը ստիպողաբար ամուսնացրել է ու դժբախտացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը` Արեւիկ Կարապետյանը (անունը հասկանալի պատճառներով փոխված է): Նա մինչեւ տղայի տուն գնալը միայն մատանի դնելուց է տեսել նրան, նույնիսկ չի խոսել, իսկ արդեն մեկ շաբաթ հետո, ամուսնու տանը նրա նկատմամբ բռնություններ են սկսվել:
Այս պատմությունն սկսել է 1991թ-ին, երբ Արեւիկը Կարենի հետ ամուսնացել է միջնորդների միջոցով: «Մորաքրոջս ամուսինը տեսնելով սկեսուրիս, սկեսրայրիս ու ապագա ամուսնուս, չէր հավանել, մամայիս ասել էր, որ ինձ չտա նրանց, քանի որ լավ մարդիկ չեն: Դե ես այնտեղ չեմ եղել: Իրանք սեղանի շուրջը նստած խոսել են ու չգիտեմ ինչի մասին, ինձ ընդամենն ասացին, որ ամուսնանում եմ: Իսկ մայրս մորաքրոջս ամուսնուն չլսեց, քանի որ խնամիներն ասել էին, թե լավ ունեւոր են` խանութ ունեն, բայց դա սուտ էր: Մամաս համաձայնությունը տվեց մատանին դրեցին գնացին ու այդ մի ակնթարթն եմ ապագա ամուսնուս տեսել, անգամ չեմ խոսել: Նույնիսկ օր չթողեցին, որ մենք դուրս գայինք, իրար ճանաչեինք: 3 օր հետո եկան տարան»,- պատմեց Արեւիկը: Նրա ներկայացմամբ, ամուսնությունից հետո մոկ շաբաթը նորմալ է անցել, բայց հետո արժանացել է թե սկեսուրի, սկեսրայրի, թե տալի, թե ամուսնու արհամարհական վերաբերմունքին: Ամուսինն սկսել է խմել եւ ծեծել իրեն, տուն չգալ:
20 օր հետո Արեւիկի ծնողները գալիս են «գլուխլվայի» եւ նա մորը լացուկումած խնդրում է, որ իրեն տուն տանի. «Ասացի ինձ տուն տար, ես չեմ ուզում մնամ, նեղացնում են, չեմ կարողանում ոչ ոքի հետ հարմարվել: Մայրս ասաց, որ խայտառակ չենք լինելու, հարմարվի: Նամուս-թասիբի հարց կա. հո չե՞ն ասելու տարել հետ են բերել»:
Արեւիկը խոսքով, դրանից հետո փորձել է հարմարվել` ապրելով արցունքն աչքերին, կապտուկներ` մարմնի վրա: Ունեցել է 4 երեխա:
«Վերջին շրջանում էլ ամուսնուս մոտ խանդի տեսարաններ են սկսել: Մեր դստեր նշանդրեքի օրը երբ փեսայի կողմից մի տարիքով պապիկ ինձ ուտելիք հյուրասիրեց, ինքը տանը կռիվ սարքեց, ծեծեց, թե արդեն քեզ «ուխաժիվատ» են անում»,-ասաց Արեւիկը:
Նա թեեւ արցունքները չէր կարողանում զսպել, բայց պատմում էր, որ տարիներով մինչեւ գիշերվա 3-ը փողոցում, ձմեռով, երեխաները ծակ կոշիկներով ման են եկել, որ ամուսինը քնի, որ նոր տուն գնան: Նույնիսկ երեխաներն առաջարկել են շորերով քնել, որ եթե հայրն արթնանա, կարողանան արագ փախչել: Արեւի խոսքով, երբ «Փարոսի» գումարն ստացել է, ամուսինը պահանջել է, որ իրեն խմիչք գնի, իսկ երբ չի համաձայնել, ծեծ ու ջարդ է սկսվել: Նույնիսկ տան օճառներն ու լվացքի փոշիներն է տարել խանութին հանձնել, որ խմիչք գնի:
Արեւի համբերության բաժակը լցվել է, երբ ամուսինը փեսայի մոտ իրեն բազկաթոռի կոթով ծեծել է ու սեռական ամենավերջին հայհոյանքները տվել: Ավելին` ամուսինը սպառնացել է, որ տուն վերադառնալուն պես կսպանի: Երեխաները մորն ասել են, որ իր հետ կհեռանան տնից եւ հեռացել են:
Արեւիկը դիմել է Կանանց իրավունքների կենտրոն ստանալով, թե սոցիալական, թե հոգեբանական օգնություն: Նրա խոսքով, թեեւ շատ ժամանակ չի անցել, բայց թե ինքը, թե երեխաները փոխվել են, ավելի հանգիստ են զգում իրենց: Իսկ ամուսինը նույնիսկ իրենց փնտրելու փորձեր չի արել:
Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աննա Վարդանյանը նշեց, որ կինն անընդհատ կրկնում է, որ ամուսինը ահավոր հայհոյանքներ է տալիս, ինչը նշանակում է, որ թեեւ կապտուկները մարմնից անցնում են, բայց հոգեբանական հարվածը չի անցնում: Ինչպես նաեւ հատկանշական է այն, որ հանուն երեխաների շատ կանայք չեն ամուսնալուծվում, բայց երբ երեխաները մեծանում են, հենց նրանց դրդմամբ են կանայք դիմում ամուսնալուծության:
Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























