Կայքը, որը փորձեց համախմբել տիրույթում եղած մարմնավաճառներին, շատ կարճ կյանք ունեցավ, այն փակվեց, բայց երեւույթը չկասեցվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ հանած մարմնավաճառների, նրանց ծառայությունները ներկայացնող Armgirls.am կայքին:

Նրա խոսքով՝  նույն մարմնավաճառները գրանցված են այլ կայքերում, կայքի փակելը հարցի տրամաբանական լուծում չէր: Սեքսապաթոլոգի խոսքով՝ կայքի անվանումը վիրավորական էր եւ ոչ տեղին երանգ ունի:

«Մենք փորձում ենք տարբեր ձեւերով հարցին լուծում տալ, բայց բուն արմատները մնում են: Մարմնավաճառաության երեւույթը կա, գրանցված մոտ 400 մարմնավաճառներից 300-ի մոտ գրանցվել է այս կամ այն սեռավարակը, եւ սա է գլոբալ խնդիրը, կոմերցիոն սեքսից օգտվելու դեպքում պետք է զինված լինենք հանրամատչելի տեղեկատվությամբ»,- նշեց նա:

Սեքսապաթոլոգը նշեց, որ մարմնավաճառությունը ամենահին մասնագիտությունն է,  եղել է, կա ու կլինի: Այստեղ պետք է հարցնել, թե ինչու են տղամարդիկ օգտվում մարմնավաճառների ծառայություններից: Ըստ նրա՝ շատ դեպքերում տղամարդը տանը անկողնում չի գտնում այն, ինչը դրսում է ստանում, այսինքն՝  «կնոջից չեն ստանում այն, ինչը լիարժեք կբավարեր»:

Հայկական տիրույթում, նրա խոսքով, պոռնո կայքեր չկան, կան նմանատիպ հայկական կայքեր, բայց Ռուսաստանի տիրույթում:

Հիշեցնենք, որ Armgirls.am-ը բացված կայք էր, որտեղ նշված էին տվյալներ մարմնավաճառների, մատուցվող ծառայությունների եւ դրանց գների մասին։

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, որ ինքը ստեղծել է www.armgirls.am անվամբ ինտերնետային կայքը: