Արմավիրի մարզում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպ է եղել, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Սարդարապատ գյուղում: Այն պայմանավորված է նախընտրական գործընթացներով: Ոմն Սամսոն Պողոսյան և ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ Սարդարապատ գյուղում, գերեզմանների մոտ վեճի են բռնվել:
Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով (ըստ մեր աղբյուրի` կոնքերի կոտրվածքներով) Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել կռվի մասնակիցներ 30-ամյա Սամվել Պողոսյանը եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը:
NEWS.am-ը դեպքի կապակցությամբ փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից մեզ միայն հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, դեռ ձերբակալվածներ չկան:
Նշենք, որ Սամսոն Պողոսյանը վերջերս է ազատվել բանտից, ուր հայտնվել էր ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու համար: Իսկ Մերուժան Մխոյանը Գասպարյանի մտերիմներից է:




























