Երեւանում, ապրիլի 5-7-ին ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում «Մոսկվայի տանը» կազմակերպվել է ներդրումային ցուցահանդես, որտեղ հայաստանյան մի շարք ընկերություններ հնարավորություն են ունեցել ներկայացնելու ներդրումային ծրագրերի իրենց առաջարկները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոսկովյան պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված առաջարկությունների փաթեթներին: Պատվիրակության ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինն ընգծել է, որ թե’ Երեւանում, թե’ Մոսկվայում այսօր ներդրումների լայն դաշտ է ձեւավորված եւ առաջիկայում, համագործակցության ընդլայնման շնորհիվ, հնարավոր կլինի բազմաթիվ համատեղ ծրագրեր իրականացնել:
«Մեզ համար շատ կարեւոր է Երեւանի հետ գործընկերության հարաբերությունների ամրապնդումը ներդրումային նոր ծրագրերի համատեքստում, քանի որ այստեղ` Երեւանում այսօր առկա է ներդրումների համար բավական գրավիչ միջավայր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այդ ուղղությամբ որոշակի հարցեր մենք արդեն քննարկել ենք»,-նշել է Սերգեյ Չերյոմինը:
Հայաստանյան ավելի քան 100 խոշոր ընկերությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներդրումային ոլորտի առաջատար փորձագետներ «Մոսկվայի տանը» մասնակցել են նաեւ ներդրումային համաժողովի, որի նպատակը հայ-ռուսական համատեղ ներդրումային ծրագրերի ստեղծումն ու ներդրողների միջեւ գործնական կապերի հաստատումն ու ընդլայնումն է:
Համաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներին առնչվող հարցեր. մասնավորապես` կրթության, առողջապահության, ջրամատակարարման, աղբի վերամշակման, «Անվտանգ քաղաք»-ի, էլեկտրոնային կառավարման, ինչպես նաեւ երկու քաղաքների միջեւ տնտեսական համագործակցության արդիական այլ խնդիրների շուրջ հարցեր:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը համաժողովի ընթացքում հյուրերին է ներկայացրել մայրաքաղաքում նախատեսվող ներդրումային ծրագրերն ու ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց է կառուցողական առաջարկություններ քննարկելու եւ, իր լիազորությունների շրջանակում, դրանց իրականացմանը նպաստելու համար։
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաեւ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ զբոսաշրջային կապերի հաստատման, առեւտրային համագործակցության, նաեւ երկու մայրաքաղաքներում ներդրումային հնարավորություններին առնչվող հարցեր:




























