Հայաստանի ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Հայաստանի դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել  Արմավիր քաղաքի բնակիչ Առնակ Կուրղինյանը:

Բացի այդ, նույն օրը` ժամը 10:00-ին, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել  Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված անձինք վնասվածքներն են ստացել նույն օրը` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում անհայտ անձանց հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել Սարդարապատ գյուղում: Այն պայմանավորված է նախընտրական գործընթացներով: Ոմն Սամսոն Պողոսյան եւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ Սարդարապատ գյուղում, գերեզմանների մոտ վեճի են բռնվել:

Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով (ըստ մեր աղբյուրի` կոնքերի կոտրվածքներով) Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել կռվի մասնակիցներ 30-ամյա Սամվել Պողոսյանը եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը: