ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը կտրականապես հերքում է իր որդու մասնակցությունը Արմավիրում տեղի ունեցած «ռազբոյին»:

«Դա բացարձակ հերյուրանքեր են: Իմ տղան կապ չունի, ոչ մի բանի հետ: Ինչ է եղել, ինչ եք ուզում, մի քիչ ամոթ ու աբուռ ունեցեք: Թե՞ ձեզ հաճելի է սաղին հագցնել իրար: Դա հերյուրանքներ են ու նման  բան չի կատարվել «ֆսյո»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ ըստ ամենայնի, միջադեպը տեղի է ունեցել Սարդարապատ գյուղի գերեզմանների մոտ, ոմն Սամսոն Պողոսյանի, ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու եւ թիվ 21 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Մերուժան Մխոյանի միջեւ: Սկիզբ առած վիճաբանությունն ուղեկցվել է կրակոցներով: Նշվում է, որ դա առնչություն ունի ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հետ:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով նույն միջադեպին, նշեց.«ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հետ կապված խնդիր չկա, քանի որ թեկնածուն, ով առաջադրվել թիվ 21 ընտրատարածքում եւ ով տուժել է միջադեպից ԲՀԿ-ի հետ կապ չունի եւ  ինքնաառաջադրված է: Եվ, քանի որ միջադեպը մեզ հետ չի առնչվում մնացած մանրամասները ինձ չեն հետաքրքրում եւ ես չեմ էլ ուզում իմանալ, թե ինչ է կատարվել»:

Ռուստամ Գասպարյանին փոխանցեցինք, որ վերջին երկու օրում տեղի ունեցած միջադեպերը տեղի բնակչությունը կապում է Սամսոն Պողոսյանի հետ, ով 8,5 տարի ազատազրկման էր դատապարտվել իր վրա մահափորձ կատարելու համար եւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել ընդամենը մեկ ամիս առաջ, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Լսել եմ, որ իբր էդ տղան ա եղել այդ գլուխգործոցի  հեղինակը` Նահապետ Գեւորգյանի տղայի հետ»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ իր դեմ մահափորձ կատարած անձնավորությունը վաղաժամկետ ազատ է արձակվել, Ռ. Գասպարյանը պատասխանեց. «Ես ոնց գնահատեմ: Դա արդեն թող գնահատեն իրավապահ մարմինները, թե ինչի են նման բաներ անում: Այսինքն` ինձ չի էլ հետաքրքրել, թե  էդ տղան երբ ա ազատվել, խի ա ազատվել կամ ժամկետը լրացել ա, թե` չէ: Դա ինձ չի հետաքրքրել»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է` ծեծի ենթարկվածները ԲՀԿ-ի կամ ձեր համակիրներն են, դրա համար են հայտնվել թիրախում, նա ասաց. «Ոչ, ոչ նման բան չկա: Եթե փորձի, որեւէ մեկն իմ համակիրներից կամ իմ կուսակցության անդամներից որեւէ մեկին նեղացնի, շատ լուրջ կպատժվի: Նման բան չի կարող լինել»:

Իսկ Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ ինքն արձակուրդի մեջ է եւ հրաժարվեց մեկնաբանություններից, անգամ երբ ընդգծեցինք, որ խոսքը լուրջ միջադեպի մասին է: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Սարդարապատ գյուղում եւ պայմանավորված է նախընտրական գործընթացներով: Ոմն Սամսոն Պողոսյան եւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ Սարդարապատ գյուղում, գերեզմանների մոտ վեճի են բռնվել: Վիճաբանությունն ուղեկցվել է կրակոցներով, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով (ըստ մեր աղբյուրի` կոնքերի կոտրվածքներով) Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել կռվի մասնակիցներ 30-ամյա Սամվել Պողոսյանը եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը:

NEWS.am-ը դեպքի կապակցությամբ փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից մեզ միայն հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, դեռ ձերբակալվածներ չկան:  Ինչ վերբերում է մանրամասներին, ապա  ավելի ուշ տեղեկացրել էինք, որ իրականում հարձակումը նպատակաուղղված է եղել, ոչ թե ԲՀԿ-ի, այլ թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի դեմ, ում առավոտյան ժամը 6.00-6.30-ի սահմաններում 20-25 հոգով ավտոմատի սպառնալիքով  մտել են տուժողի տուն կնոջ մոտից կիսահագնված վիճակում ծեծելով տարել են Սարդարապատի  գերեզմանոց եւ շարունակել ծեծել: Ինչպես նաեւ հետեւյալ մեսիջը փոխանցել. «Դու պետք է գաս մարզպետի, Նովոյի եւ քաղաքապետի մոտ ներողություն խնդրես եւ թեկնածությունդ հանես: Դու քանի գլխանի ես, որ պետության դեմ ես գնում»: 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը