Թերթը գրում է. «Չգիտես ինչու, համարվում է, թե մենք՝ հայերս, չափազանց խելացի ենք։ Հարեւան ժողովուրդներից որ հաստատ ավելի խելացի։ Էլ չենք խոսում, ենթադրենք, ամերիկացիների ու այլեւայլ, ներողություն արտահայտությանս համար, բելգիացիների մասին։Եւ բացի դրանից, համարվում է, թե ողջ աշխարհը պիտի մեզանից սովորի։ Ահա թե ինչքան խելացի ենք։ Այդուհանդերձ գլխովին թաղված ենք սեփական հիմնախնդիրների մեջ։ Ինչո՞ւ։ Իսկ գուցե մե՞զ էլ արժե մի քիչ սովորել մնացյալ աշխարհից։ Փոխ առնել, ինչպես ասում էին նախկինում, առաջավոր փորձը։ 

Օրինակ, արդեն ավանդույթ է դարձել, որ նախընտրական փուլում չեն կայանում ԱԺ նիստերը։ Ոչ մի կերպ չի հաջողվում ապահովել անիծյալ քվորումը։ Դրա համար, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավորի ներկայություն։ Իսկ ի՞նչն է մեզ խանգարում ընդօրինակել բրիտանական պառլամենտի Լորդերի պալատի փորձը, որտեղ քվորումը մեկ տոկոսի մեկ երրորդն է։ Այնտեղ ներկայումս կա 1244 պեր, եւ նիստերի գումարման համար անհրաժեշտ է ընդամենը նրանցից երեքի ներկայությունը, ներառյալ լորդ-կանցլերը կամ տեղակալը։ Կամ, տեսեք, թե ինչ է կատարվում մեզանում այս նախընտրական շրջանում։ Պատգամավորության թեկնածուները պատրաստ են պատառոտել մեկմեկու։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ խորհրդարանը չափազանց փոքրաքանակ է. ընդամենը 131 տեղ։ Եփած հավի ծիծաղն էլ կգա։ Իսկ այ, Համաչինական ժողովի կազմում ընդգրկված է 2978 պատգամավոր։ Ինչո՞ւ չենք օրինակ վերցնում չինացիներից։ Այդժամ մեր բոլոր թեկնածուները կդառնային պատգամավոր, դեռ էլի տեղեր կմնային։  Իսկ որքան նախանձոտ ենք։

Մեզանում կան մի քանի պատգամավորներ, որոնք ահա արդեն 20 տարի է՝ սահուն անցնում են մի խորհրդարանից մյուսը ու կաշվից դուրս գալիս, որ հայտնվեն այնտեղ նաեւ հաջորդ անգամ։ Ինչ ասես որ չի բամբասում խեղճերի մասին նախանձ ժողովուրդը։ Իբր. զզվեցրին, որքան կարելի է, սրանցից արդեն ալերգիա ունենք... Ալերգիայի փոխարեն խիղճ ունեցեք. 20 տարին մի՞թե ժամկետ է ժողովրդի իսկական ծառայի համար։ Իսկ գիտե՞ք, որ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել 37 տարի անընդմեջ՝ 1937-1974թթ.։ Եվ ալերգիա խորհրդային ժողովրդի շրջանում ինչ-որ չի դիտվել»,- գրում է «Հայոց աշխարհը»։