«Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանն օրերս հայտարարեց, որ իր ձայնը տալու է Կենտրոնում մեծամասնականով առաջադրված «Բուրմունք» խանութների սեփականատեր Գարեգին Նուշիկյանին, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետականը
«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել ազատ դեմոկրատ Հովհաննես Ղազարյանին: Նշենք, որ մինչ նույն ընտրատարածքում ընդդիմությունից առաջադրված Խաչատուր Սուքիասյանը դատարանում վիճարկում է իրեն չգրանցելու որոշումը, առաջադրվել է նաեւ նրա եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:
Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցության նախագահը հայտարարել է, որ ձայնը տալու է Կենտրոնում Հանրապետականի առաջադրած թեկնածուին: Կարծում եք այս դեպքում ընդդիմության դաշտում պայքարելու Ձեր վճռականությունը կասկածի տակ չի՞ առնվի:
Չէ, ես էլ եմ ճանաչում Գարեգին Նուշիկյանին որպես անհատ, որպես գործարար, բարի համբավ ունեցող մարդ, լավ ընկեր, ես էլ իմ ձայնը տալու եմ Նուշիկյանին` հաշվի չառնելով, թե որ կուսակցությունում է ինքը:
Հայտնի է, որ նույն տարածքում առաջադրվել էր ընդդիմության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը, նրա գրանցման մերժումից հետո առաջադրվել է եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը: Փաստորեն, Դուք Սուքիասյանի հետ ընկերներ չեք ու չե՞ք էլ եղել:
Մոտ ենք եղել Սուքիասյանների ընտանիքի հետ, բայց էս պահին գերադասում եմ Նուշիկյանին ձայնս տալ: Ճանաչում եմ իրեն: Ուղղակի էդպես եմ նախընտրում ես, էդպես եմ կարծում:
Պարոն Ղազարյան, իսկ ինչպե՞ս լուծվեց «Ժառանգության» հետ համատեղ ցուցակի խնդիրը, երբ իշխանությանը սերտաճած մարդիկ հայտնվեցին Ձեր դաշինքի առաջնային տեղերում: Հետո կան մարդիկ, որ սատարել են Սերժ Սարգսյանին 2008-ին:
Ես չեմ իմացել այդ մասին: Ես որպես կնճիռ չեմ տեսել դա, չեմ զգացել:
Ասվում է, որ Արարատ Զուրաբյանն է դժգոհություն հայտնել այդ առթիվ:
Ճիշտ կանեք Արարատ Զուրաբյանին էդ հարցերը տաք:
Իսկ ինչո՞ւ Արարատ Զուրաբյանն էլ չի երեւում Ձեր միջոցառումներին: Օրինակ` «Ժառանգության» հետ համատեղ շտաբի բացմանը չկար:
Դե, մենք ազատ դեմոկրատ ենք, կուզենք՝ կերեւանք, չենք ուզի, չենք երեւա:
Այսօր տեսակետներ են շրջանառվում, որ դաշինքի առաջ խնդիր է դրված ՀԱԿ-ից ձայներ պոկելու:
Չէ, էդպիսի բան չկա: Մենք ունենք մեր ձայները: Ժողովրդի հետ աշխատելով, մենք լրացուցիչ ձայներ կունենանք այս ընտրություններում:
Ասվում է նաեւ, որ սա արեւմտյան պրոյեկտ է, Արեւմուտքի սցենարով գծված դաշինք է:
Սա հայաստանյան պրոյեկտ է: Մենք հայամետ մտածող մարդիկ ենք՝ մեր ապրած կյանքով, որեւէ կապ չունենք դրսի էդ կարգի մոտեցումների հետ:
«Ժառանգությունում» էլ դժգոհություն կար միասնական ցուցակի հետ կապված: Ի վերջո այս թիմը, Ձեր կարծիքով, ի զորո՞ւ է հաղթելու:
Դժգոհությունները՝ նորմալ է, պիտի լինեն: Ամեն մարդ ասում է իր կարծիքը: Իսկ միասնական դաշինքով կպայքարենք առաջին տեղի համար, եւ ես կարծում եմ` կհաղթենք: Կպայքարենք առաջին տեղի համար:




























