Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` ապրիլի 10-ին, տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ավտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգեւատրման արարարողությունը։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարական աշխատանքներում արդյունավետ օգնություն ցուցաբերելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ընթացքում դրսեւորած մարդասիրական վերաբերմունքի համար ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգրով պարգեւատրել էՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանին եւ Կարապետ Մելքոնյանին։

«Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր կողքին, փրկարարների կողքին։ Ինձ հաճախ հարցնում են` քանի փրկարար ունենք մենք։ Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կա, քանի որ յուրաքանչյուրը կարող է օգնության հասնել դժվարության մեջ հայտնվածին։ Կարծում եմ, հասարակությունը պետք է գնահատի նման մարդկանց անձնվեր աշխատանքը, - վստահեցրել է նախարարը։

Աղաբեկ Հակոբյանն ու Կարապետ Մելքոնյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարին` դրսեւորած վերաբերմունքի եւ իրենց կատարած աշխատանքի նման բարձր գնահատականի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երեւան-Սեւան ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրում։ Ձնաբքի հետեւանքով խցանման մեջ էին հայտնվել տասնյակ ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում իրականացված փրկարարական աշխատանքներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարների եւ ճանապարհային ոստիկանների հետ  կամավոր կերպով «Համեր» մակնիշի սեփական ավտոմեքենաներով արդյունավետ աշխատել են երկու քաղաքացիներ, ինչի արդյունքում հաջողվել է խուսափել զոհերից եւ վիրավորներից` ձնաբքից դուրս բերելով 35 տրանսպորտային միջոց։