«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում որեւէ կոնֆլիկտ չկա, իսկ «Ժառանգության» ընտրացուցակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ Երվանդ Զուրաբյանը եւ Դավիթ Առաքելյանը ինքնաբացարկ են հայտնել սեփական որոշմամբ: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը: Նրա խոսքով` նրանց ինքնաբացարակի հարցը չի քննարկվել կուսակցությունում եւ իրենք հարգում են կուսակիցների որոշումը: Իսկ թե ինչով է պայմանավորված Երվանդ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի որոշումը, ապա Անժելա Խաչատրյանը նշեց, որ չի կարող հիմնավորել, պետք է նրանց հարցնել այդ մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր,. որ ինքնաբացարկներ կան նաեւ «Ժառանգության» ընտրացուցակում: ԿԸՀ-ն ցուցակից հանել է 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանին եւ 71-րդ հորիզոնականում գրանցված Դավիթ Առաքելյանին: Ընդ որում, Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են, Արարատ Զուրաբյանի մտերիմները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը լուրջ տարաձայնություններ ունի «Ժառանգության» հետ ընտրացուցակի հարցով: Նա ընդգրկված չէր ցուցակի մեջ, իսկ ապրիլի 9-ին էլ չի մասնակցել «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արարատ Զուրաբյանի հետ եւ շատ համապարփակ եւ սրտացավ զրույց ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանն` արձագանքելով մամուլում տեղ գտած վերջին լուրերին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը դժգոհ է եղել «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակից, ուստի չի ընդգրկվել դրանում:
Նրա խոսքով, իրենց հանդիպումը միայն ու միայն համագործակցության դրական լիցքով է ընթացել ու ավարտվել: «Մնացած պատվիրված ասեկոսեներին եւ լուրերին ես չեմ կարող անդրադառնալ: Բոլոր դեպքերում այդ լուրերի տարածումը չի համապատասխանում մեր հարաբերության ոգուն»,- ավելացրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:




























