Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` ապրիլի 10-ին կայացած նիստում, համամասնական ընտրացուցակներից հանել է 5 անձանց անուններ:

ՕԵԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել Աշխեն Մանուկյանը (45-րդ հորիզոնական), Կարինե Մկրտչյանը` 90, եւ Մերի Ղոնյանը` 169-րդ հորիզոնական:

Ինքնաբացարկներ կան նաեւ «Ժառանգության» ընտրացուցակում: ԿԸՀ-ն ցուցակից հանել է 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանին եւ 71-րդ հորիզոնականում գրանցված Դավիթ Առաքելյանին: Ընդ որում, Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են, Արարատ Զուրաբյանի մտերիմները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը լուրջ տարաձայնություններ ունի «Ժառանգության» հետ ընտրացուցակի հարցով: Նա ընդգրկված չէր ցուցակի մեջ, իսկ երեկ էլ չի մասնակցել «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին:

Ինքնաբացարկներ կան նաեւ մեծամասնական ընտրակարգով: Թիվ 1 ընտրատարածքում պայքարը լքել է անկուսակցական Արսեն Մանուկյանը, թիվ 21-ում` անկուսակցական Մերուժան Մխոյանը, ով ապրիլի 6-ին ծեծի էր ենթարկվել:

Թիվ 23-ում անկուսակցական Տիգրան Պետրոսյանն է լքել ընտրապայքարը, իսկ թիվ 28-ում` Արմեն Ավդալյանը` Գագիկ Ծառուկյանին «զրկելով» մրցակից ունենալու հնարավորությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արարատ Զուրաբյանի հետ եւ շատ համապարփակ եւ սրտացավ զրույց ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանն` արձագանքելով մամուլում տեղ գտած վերջին լուրերին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը դժգոհ է եղել «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակից, ուստի չի ընդգրկվել դրանում:

Նրա խոսքով, իրենց հանդիպումը միայն ու միայն համագործակցության դրական լիցքով է ընթացել ու ավարտվել: «Մնացած պատվիրված ասեկոսեներին եւ լուրերին ես չեմ կարող անդրադառնալ: Բոլոր դեպքերում այդ լուրերի տարածումը չի համապատասխանում մեր հարաբերության ոգուն»,- ավելացրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: