Հովիկ Աբրահամյանի ազգակցական լինելու հանգամանքը թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարինե Պողոսյանին օգնում եւ պատիվ է բերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Կարինե Պողոսյանը եւ նշեց, որ այդ ընտրատարածքում Տիգրան Կարապետյանի օգտին քվեարկելու են ԱԼՄ-ում երգողները, պարողները, ինչպես նաեւ հեռուստացուց ստացողները: Կարինե Պողոսյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
Տիկին Պողոսյան, Դուք Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենն եք: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր առաջադրումը, նաեւ ինչ խնդիրներ կան, որոնք ներկա պահին Ձեր թիրախային խմբում են:
Ես ինքնաառաջադրված թեկնածու չեմ, իմ թեկնածությունն առաջադրել է իմ կուսակցությունը` ՀՀԿ-ն: Բնականաբար իմ կողմից էլ ցանկություն եղել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, քանի որ ես մանկավարժ եմ, ինձ առաջին հերթին հետաքրքրում է կրթության ոլորտը, բայց չեմ կարող առողջապահության եւ սոցիալական ոլորտներին առնչվող հարցերին չանդրադառնալ: Ինչպես նաեւ չեմ կարծում, որ մեզ մոտ թիրախային խմբում գտնվող խնդիրներ լինեն: Բայց բնականաբար լուծման ենթակա խնդիրներ կան:
Ձեր ընտրատարածքում առաջադրված ամենահայտնի թեկնածուն, թերեւս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Ի դեմս նրա, ուժեղ մրցակից տեսնո՞ւմ եք, թե` ոչ:
Ես տարբեր դպրոցներում եմ աշխատել եւ ինձ չի թվում, որ ես ճանաչված չեմ: Բնական է Հայաստանի մասշտաբով չեմ կարող ճանաչված լինել, բայց կոնկրետ Արտաշատում ինձ շատ լավ ճանաչում են: Տիգրան Կարապետյանին այստեղ հեռուստածրագրից են ճանաչում: Չեմ կարող ժխտել, որ այստեղ երգողներ, պարողներ, ինչպես նաեւ հեռուստացույց ստացողներ եղել են` լավ էլ եղել են: Բայց, որ ասեմ, որ նրան այդքան շատ են հարգում, քան` ինձ, այդպես չէ:
Ցանկանում եք ասել, որ երգողները, պարողները եւ հեռուստացույց ստացողնե՞րն են Տիգրան Կարապետյանին ձայն տալու:
Իհարկե:
Ասում են, որ Դուք ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի քեռու աղջիկն եք:
Այո ասում են` Տիգրան Կարապետյանն է այդպես հայտարարել, բայց ճիշտ չի հայտարարել: Ես Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհին եմ: Տարիքս էլ փոքր է, չեմ կարող քեռու աղջիկը լինել:
Իսկ Հովիկ Աբրահամյանն ինչ դերակատարում է ունեցել Ձեր առաջադրման հարցում:
Ինձ առաջադրել է կոնկրետ Արարատի մարզի Հանրապետականի կառույցն ի դեմս մեր մարզպետի, որովհետեւ ես զբաղեցնում եմ նաեւ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Բանականաբար առաջադրելով իմ թեկնածությունն, Աբրահամյանն էլ լինելով շտաբի պետ, անհնարին կլիներ չքննարկվեր իմ անձը: Բայց կոնկրետ ինձ հետ քննարկում չի եղել:
Իսկ այս դեպքում ինչո՞ւ Հենրիկ Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի եղբայրն, առաջադրեց իր թեկնածությունը: Նրա հետ անձնական խնդիրներ ունեցե՞լ էիք, որ Ձեզ դեմ էր դուրս եկել, թեեւ հետո ինքնաբացարկ հայտնեց:
Գիտեք ինչ, դա մի քիչ կուսակցության խնդիրն էր եւ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել:
Անձամբ Դուք Հենրիկ Աբրահամյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
Մեր հարաբերությունները շատ նորմալ են մինչեւ հիմա էլ:
Այսինքն` նա իր առաջադրմամբ կոնկրետ Ձեր դեմ չէ՞ր դուրս եկել:
Բոլորովին:
Իսկ Հովիկ Աբրահամյանի ազգական լինելու հանգամանքը օգնո՞ւմ, թե խանգարում է ընտրապայքարում:
Միանշանակ ինձ համար դա պատիվ է: Ինչո՞ւ պետք է խանգարի:
Ինչո՞վ է պատիվ կամ ի՞նչ հանգամանքներում է օգնում: Եթե կարելի է օրինակներով պատասխանեք:
Դե, երբ նոր էի առաջադրվում, եթե հարցեր են ծագում դիմում եմ, ճիշտ ուղղու վրա են դնում: Ամենակարեւորը ճիշտ են կողմնորոշում: Բայց որ նշեմ մշտապես հանդիպում ենք, այդպես չէ: Նա այնքան բազմազբաղ է, որ անհնարին կլինեն մշտական հանդիպումները:
Իսկ ժողովուրդը ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Դուք Հովիկ Աբրահամյանի ազգականն եք:
Շատ նորմալ, որովհետեւ անկախ ամեն ինչից, տեսնելով մարդու աշխատանքը, գործունեությունը, գնահատում է: Թեեւ, եթե ես ինձ ճիշտ չդրսեւորեի, դա նշանակություն չէր ունենա:
Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը եւ ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր հաղթաթուղթը:
Ես չեմ կարող այս պահին հստակ պատասխան տալ, բայց համոզված եմ, որ միջինից բարձր քվե կստանանք: Իսկ իմ զենքն իմ խիղճն է:
Հ.Գ. Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Տիգրան Կարապետյանը (ԺԿ), Մանվել Հայրապետյանը (ՀՅԴ), Գագիկ Ներսիսյան (ՀԱԿ), Կարինե Պողոսյան (ՀՀԿ):
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























