Գյումրիի կենտրոնական հրապարակում այսօր`  ապրիլի 11-ին,  մի խումբ երիտասարդ գյումրեցի բնապահպանների արգելվել է մասնակցել ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ցույցին:

Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոնի» կայքը, երբ նրանք մոտեցել են ցուցարանների բազմությանը, Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակը եւ քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը խլել են նրանց դեռեւս չպարզած ցուցապաստառները եւ սկսել բազմության միջից բռնի կերպով հեռացնել բնապահպաններին:

Քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից ուղղորդված մարդիկ անպարկեշտ արտահայտություններ են ուղղել բնապահպանների հասցեին: Այդ ամենից հետո բնապահպաններին հեռացրել են հրապարակից, վերջիններիս անվանարկել են «ազգի դավաճաններ» եւ այլ նմանատիպ արտահայտություններով:

Ցուցապաստառների վրա գրված էին «Կանաչ, մաքուր Գյումրի» եւ «Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ»: