Գյումրիի կենտրոնական հրապարակում այսօր` ապրիլի 12-ին տեղի է ունեցել հանրահավաք` ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման, որի կազմակերպիչը Գեորգի Վանյանն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ  Լիլիթ Աղեկյանը:

Նրա խոսքով, հանրահավաքը կազմակերպել էր Գյումրիի մտավորականությունը: Հանրահավաքին մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կառույցների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, բուհական եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկածները իրենց անհանդուրժողականությունն էին հայտնում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության գաղափարին։

Մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, որ ինքը խոչընդոտել է բնապահպանների մասնակցությունը հանրահավաքին` Աղեկյանն ասաց, որ հանրահավաքին եկել են երեք դեռահասներ եւ փորձել վիժեցնել այդ հանրահավաքն իրենց պաստառներով. «Ես մոտեցել եմ նրանց եւ ընդամենն ասել եմ, թե ինչու եք դուք այստեղ եկել, ինչին ի պատասխան հնչել է. «Լավ ենք արել»:  Ես չգիտեմ, թե ով ինչ է խլել եւ իմ հասցեին ինչ զրպարտիչ նյութեր են  տարածել, սակայն դրա համար թերեւս պատասխան կտան: Բայց այն, որ իրենք ուղարկված են եղել, որպեսզի խանգարեն եւ սադրեն, դա միանշանակ է: Ես թույլ չեմ տա, որ երկու-երեք դեղնակտուց իմ անվան հետ խաղ անեն, ինձանից բացի հարյուրավոր մարդիկ են եղել եւ տեսել են, թե ինչ է եղել իրականում»:

Ավելի վաղ «Շիրակ կենտրոնի» տեղեկացրել է, որ մի խումբ երիտասարդ գյումրեցի բնապահպանների արգելվել է մասնակցել ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ցույցին: