Հայաստանի վարչական դատարանում, ապրիլի 16-ին, տեղի կունենա ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանի ներկայացրած հայցի առաջին դատական նիստը: Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել ՀՀ արդարադատության նախարարությանը պարզաբանում տալ:
Դիտորդական խումբը մի քանի անգամ ընթացիկ գրություններով դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին` պարզաբանում պահանջելով այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք ՀՀ քր.դատ.օր.-ի 137 հոդվածի 2-րդ կետի կիրառումը տալիս է բավարար հիմքեր դատարանի կողմից խափանման միջոցը կալանք ընտրելուց հետո նախկին ձերբակալված եւ տվյալ պահին կալանավորված անձին տեղափոխել ՁՊՎ եւ պահել այնտեղ եւս երեք օր` առանց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 6 կետում նշված հիմքերի: Ստացվում է, որ առանց դատարանի, դատախազի կամ քննիչի որոշման անձը կարող է կրկին ընդունվել եւ պահվել ՁՊՎ-ում դատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելուց հետո:
Այս հարցի վերաբերյալ ստացվել են խուսափողական պատասխաններ, թե անհրաժեշտ է դիմել այլ պետական մարմինների, կամ որ այդ հարցով զբաղվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը: Սակայն, համաձայն ՀՀ «Իրավական ակտերի մասին» պետական օրենքի, այս կարգի հարցերը գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավասության տակ: Ելնելով վերոնշյալից` Սուրեն Իսկանդարյանն արդեն որպես «Մարդու իրավունքների պաշտպանության երեւանյան կենտրոն» ՀԿ նախագահ` ՀՀ Սահմանադրության 27.1 հոդվածով երաշխավորված իրավունքներից ելնելով, 26.09.2011թ. դիմել է ՀՀ վարչական դատարան, արդարադատության նախարարությանը նշված հարցով պարզաբանումներ տալուն պարտավորեցնելու պահանջով:
ՀՀ վարչական դատարանը 30.09.2011 թ. մերժել է հայցադիմումի ընդունումը` պատճառաբանելով, որ հայցվորը գործողության կատարման հայց ներկայացնելով դատարանին, ապացույցներ չի ներկայացրել հայցվող գործողությունը չկատարելու փաստի վերաբերյալ:
Ելնելով նրանից, որ ՀՀ վարչական դատարանը ոչ ճիշտ է մեկնաբանել եւ կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 67-րդ, 79-րդ հոդվածները, հանգելով ոչ ճիշտ հետեւությունների, մերժել է Սուրեն Իսկանդարյանի հայցադիմումի ընդունումը`20.10.2011թ. ներկայացվեց վերաքննիչ բողոք: 31.10.2011թ.-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բողոքն ընդունեց վարույթ եւ 16.11.2011թ. բավարարեց այն` գործը վերադարձնելով ՀՀ վարչական դատարան:
ՀՀ վարչական դատարանը 16.01.2012թ. որոշում կայացրեց վարույթ ընդունել Սուրեն Իսկանդարյանի հայցադիմումը ՀՀ արդարադատության նախարարությանը ՀՀ քր.դատ.օր.-ի 137 հոդվածի, 2-րդ կետի վերաբերյալ պարզաբանում տալուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Սուրեն Իսկանդարյանը եւ ոստիկանության ՁՊՎ-ների վերահսկողության դիտորդական խումբը հուսով են, որ այս քայլն առաջին հերթին կպարտավորեցնի մեր պետական մարմիններին, այդ թվում` ՀՀ արդարադատության նախարարությանը, տալու պաշտոնական պարզաբանումներ ցանկացած հարցի վերաբերյալ, եթե իհարկե դրանք պետական գաղտնիքներ չեն եւ ձեռնպահ մնալ օրենքների խախտումներից: Բացի դրանից, կնպաստի ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը: Այսպիսի քայլերով ի վերջո մեր հասարակության մեջ կկոտրվի կարծրատիպը, թե պետական իշխանությունների անօրինականությունների դեմ պայքարելն անիմաստ եւ ապարդյուն գործ է:




























