Վանաձորում, այսօր` ապրիլի 16-ի առավոտյան, հարձակում տեղի ունեցել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, որի նախագան է Արթուր Սաքունցը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ինքը` Արթուր Սաքունցը: Նրա փոխանցմամբ, քարերով կոտրել են գրասենյակի ապակիները, հարվածել են նաեւ ձվերով, իսկ նետված քարերի արդյունքում աշխատակցուհիներից մեկի ոտքը վնասվել է:
Արթուր Սաքունցը նշեց նաեւ, որ ներկա պահին ոստիկանությունը տեղազննություն է կատարում գրասենյակում:
Իսկ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ հարձակում կատարած անձիք այդ քայլով դժգոհել են Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումից, որի կազմակերպիչը Գեորգի Վանյանն է: Ներկա պահին ցուցարարները հավաքված են Վանաձորի Հայք հրապարկում:
Նշենք, որ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը», որի ղեկավարը Գեորգի Վանյանն է, որոշում է կայացրել հետաձգել ապրիլի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում նախատեսված «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը:
Ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել ֆիլմերի ցուցադրումը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի սրահում, քանի որ բողոքի ալիք էր բարձրացել, եւ Գեորգի Վանյանի նկատմամբ բռնություններ էին կիրառվել:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյան




























