Արտաշատի Շահումյան գյուղում 8 ամսական տղա երեխա է մահացել, ով տառապել է, թե ինֆեկցիոն հիվանդությամբ, թե թոքաբորբով, թե առնետներն են մահվանից առաջ կրծոտել երեխայի քիթը, ականջը, մատները եւ գլխի մի հատվածը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Արարատի  մարզի  Շահումյան գյուղի գյուղապետ  Սերժիկ Բաբայանը: Մինչ այդ Արտաշատի հիվանդանոցի տնօրեն Ավիկ Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխան Արարատի մարզի Շահումյան գյուղի ամբուլատորիայում է  մահացել: Նա ինֆեկցիոն հիվանդությամբ է տառապել եւ 3 անգամ պառկել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Իսկ ահա Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանն ասաց, որ այսօր արդեն  հաստատվել է, որ երեխան թոքաբորբից է մահացել: Նա հաստատեց այն տեղեկությունը, որ առնետներն իսկապես  կրծոտել էին երեխային: Գյուղապետի փոխանցմամբ, իրականում երեխան ծնվել է անհաջող ընտանիքում, որտեղ նա վրա ուշադրություն չեն դարձրել:

Հարցին, թե  ընտանիքը սոցիալապես անապահո՞վ է եղել, նա պատասխանեց, որ այնքան էլ անապահով չէ, քանի որ ընտանիքում աշխատողներ կան, բացի այդ ինքն էլ է օգնում: Բայց  ընտանիքի հայրը օրական վաստակած 3 հազար դրամը ծախսում է  խմելու վրա: Ի դեպ, նույն ընտանիքում մահացած փոքրիկից բացի եւս 3 երեխա է  մեծանում: