Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո Եվրոպան անմիջապես չընկավ քաոսի և անվերջ «բարբարոսական ներխուժումների» մեջ, ինչպես երկար ժամանակ համարվում էր։

Հին ԴՆԹ-ի նոր լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տալիս շատ ավելի բարդ պատկեր. նախկին հռոմեական սահմաններում տեղի էր ունենում ժողովուրդների աստիճանական խառնուրդ, ընտանեկան նոր ավանդույթների ձևավորում և, հնարավոր է, նույնիսկ կյանքի տևողության աճ։

Գիտնականները վերլուծել են մեր թվարկության IV–VII դարերի միջև ժամանակակից հարավային Գերմանիայի տարածքում թաղված 258 մարդու մնացորդները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Հնագետները ուսումնասիրել են ԴՆԹ-ն, ոսկորների վիճակը և ատամների իզոտոպային կազմը, որը թույլ է տալիս որոշել, թե որտեղ է մարդը մեծացել։ Այնուհետև արդյունքները համեմատվել են ավելի քան 2500 հին և հարյուրավոր ժամանակակից գենոմների հետ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության վերջնական փլուզումը 476 թվականին տարածաշրջան աստիճանաբար տեղափոխվում էին հյուսիսեվրոպական ծագում ունեցող մարդկանց փոքր խմբեր։ Սակայն նրանք երկար ժամանակ ապրում էին տեղական հռոմեական բնակչությունից առանձին։ Հռոմեական պետական կառույցների անհետացումից հետո արգելքները սկսեցին քանդվել, և խմբերի միջև ակտիվ խառնուրդ սկսեց տեղի ունենալ։

Հետազոտողները շեշտում են. տվյալները չեն հաստատում հսկայական «բարբարոսական հորդաների» հանկարծակի ներխուժման մասին հին գաղափարը։ Խոսքն ավելի շուտ տարբեր համայնքների դանդաղ ինտեգրման մասին է։

Գիտնականներին հատկապես հետաքրքրել են ընտանեկան հարաբերությունները։ Թաղված մարդկանց միջև գենետիկական կապերը ցույց են տալիս, որ հասարակությունում գերակշռում էր ցմահ մոնոգամիան։

Հետազոտողները գրեթե չեն գտել բազմակնության, մերձավոր ազգականների միջև ամուսնությունների կամ մահացած ամուսնու ընտանիքի ներսում կրկնակի ամուսնությունների նշաններ։

Աշխատության հեղինակների կարծիքով՝ այս նորմերի վրա մեծ ազդեցություն էր թողնում տարածաշրջանում տարածվող քրիստոնեությունը։

ԴՆԹ-ն նաև հնարավորություն տվեց վերակառուցել վաղ միջնադարյան ընտանիքների առօրյա կյանքը։ Երեխաների գրեթե մեկ քառորդը մինչև տասը տարեկանը կորցնում էր առնվազն մեկ ծնողի, ինչի պատճառով հետազոտողները պատկերավոր կերպով նրանց անվանում են «կես որբեր»։ Միևնույն ժամանակ երեխաների մեծ մասը, այնուամենայնիվ, մեծանում էր առնվազն մեկ ողջ պապիկի կամ տատիկի կողքին։ Սերնդի միջին տևողությունը կազմում էր մոտ 28 տարի։

Անակնկալ էր նաև կյանքի տևողության վերաբերյալ եզրակացությունը։ Ըստ հետազոտության՝ տղամարդիկ միջինում ապրել են մոտ 43 տարի, իսկ կանայք՝ գրեթե 40 տարի։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ դա կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քան ուշ հռոմեական շրջանի ցուցանիշները։ Գիտնականները ենթադրում են, որ կայսրության անկումից հետո լայնածավալ պատերազմներն ու զանգվածային բռնությունը նվազել են, իսկ ավելի փոքր գյուղական համայնքները կարող էին ավելի հազվադեպ բախվել այն համաճարակներին, որոնք բնորոշ էին խոշոր հռոմեական քաղաքներին։