ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գերմանիայում զորքերի թվաքանակը կրճատելու մասին սպառնալուց հետո Եվրամիությունը հինգշաբթի հայտարարել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայումը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Եվրոպական միության մամուլի քարտուղար Անիտա Հիփերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կենսական նշանակություն ունեցող գործընկեր է Եվրոպայի անվտանգության և պաշտպանության ապահովման գործում»:

«Ամերիկյան զորքերի տեղակայումը Եվրոպայում բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից՝ ի նպաստ նրանց գլոբալ դերի»,- նշել է նա:

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները ևս աննախադեպ տեմպերով ավելացնում են սեփական պաշտպանական ծախսերը»,- ասել է Հիփերը: Նա հավելել է, որ Գերմանիան հայտարարել է առաջիկա տարիների համար իր պաշտպանական բյուջեի «եռապատկման» մասին:

Ավելի վաղ՝ Իրանում պատերազմի պատճառով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած վեճից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է իր ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը:

ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփի հավատարմության վերաբերյալ մտահոգությունների և Ուկրաինայում ընթացող ռուսական պատերազմի հետնապատկերին Եվրոպան զգալիորեն մեծացրել է սեփական պաշտպանական ծախսերը: