Գերմանիայից զորքերի մի մասի հնարավոր դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը «շոկի է ենթարկել Պենտագոնին»։ Այս մասին, անանուն մնալու պայմանով Politico թերթին է հայտնել գերմանացի մի պաշտոնյա՝ մեկնաբանելով ԳՖՀ-ում զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման վերաբերյալ ամերիկացի առաջնորդի հայտարարությունները ։
Թրամփի այս հայտարարությունները «ապշեցրել են ռազմական շրջանակների ներկայացուցիչներին», որոնք այժմ փորձում են պարզել, թե որքանով էր նախագահի հայտարարությունը լուրջ։ Այժմ խոսքը «Գերմանիայից հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, ամերիկացի զինծառայողների դուրսբերմանն ուղղված հնարավոր նոր ջանքերի» մասին է, թերթին ասել են ԱՄՆ ռազմական շրջանակների երեք ներկայացուցիչներ։ Պենտագոնը «սա չէր սպասում և Գերմանիայում ռազմական զորախմբի որևէ տեսակի կրճատում չէր պլանավորում», հավելել է ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի այն աշխատակիցը, որը ծանոթ է այս թեմայով ընթացող քննարկումներին։ «Սակայն մենք պետք է դրան լրջորեն վերաբերվենք, քանի որ նա իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում [ԱՄՆ-ում 2017-2021 թվականներին] լրջորեն տրամադրված էր դա անել», - նշել է Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչը։ Նա նկատի ուներ, որ 2020 թվականին ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս է բերել 11,9 հազար զինծառայող։
ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ հասարակայնության հետ կապերի հարցերով օգնական Շոն Փարնելը հավաստիացրել է, որ Պենտագոնը «պլաններ է պատրաստում բոլոր սցենարների համար»։ «Եվ մենք լիովին պատրաստ ենք կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները այն ժամանակ և այն վայրում, որոնք նա կընտրի», - հավաստիացրել է Փարնելը։




























