Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի չի ժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն մոտ 50 երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է DPA-ն։
Այսպիսով, ԵՔՀ-ի ութերորդ գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։
«Կանցլերը չի կարողանա մեկնել՝ այլ պարտավորությունների պատճառով», — այցի չեղարկման պատճառների վերաբերյալ հարցմանն ի պատասխան DPA գործակալությանը հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
«Դաշնային կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ-ի երկու հանդիպման և ակտիվ կապեր է պահպանում բազմաթիվ մասնակիցների հետ», — հավելել է նա։
Երևան մեկնելու փոխարեն Մերցը երկուշաբթի Բեռլինում կմասնակցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահության նիստին։ Այդ օրվա համար կանցլերի այլ հրապարակային միջոցառումներ Դաշնային մամուլի բյուրոն առայժմ չի հայտարարել։
Թե ով հենց կներակայացնի Գերմանիան կանցլերի փոխարեն, առայժմ որոշված չէ։
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ, Եվրոպական միության և եվրոպական մյուս պետությունների միջև ավելի սերտ մերձեցման նպատակով։ Առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Պրահայում, որից հետո անցկացվել է ևս վեց բարձր մակարդակի հանդիպում, և մինչև այժմ բոլորին մասնակցել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Օլաֆ Շոլցը մասնակցել է հինգ գագաթնաժողովի, իսկ Ֆրիդրիխ Մերցը՝ վերջին երկուսին, որոնք անցյալ տարի տեղի են ունեցել Ալբանիայում և Դանիայում։
Գագաթնաժողովներին հրավիրվում են գրեթե բոլոր եվրոպական պետությունները, ներառյալ Թուրքիան և Ուկրաինան։ Ռուսաստանն ու Բելառուսը չեն մասնակցում։





























