Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը BBC հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ որոշ պաղեստինամետ երթերի արգելքը կարող է արդարացված լինել, հատկապես երբ դրանք կոչ են անում ինտիֆադայի տարածմանը (արաբական ազատագրական շարժում — խմբ.)։

Սթարմերը ստիպված է գործել հակասեմիտական մի շարք միջադեպերից հետո, այդ թվում՝ այս շաբաթ, երբ Հյուսիսային Լոնդոնի արվարձան Գոլդերս Գրինում, որտեղ բնակվում է մեծաթիվ հրեական համայնք, երկու տղամարդ դանակահարվել են։

45-ամյա Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը ծնվել է Սոմալիում, կալանավորվել է այն բանից հետո, երբ ուրբաթ առաջին անգամ ներկայացել է դատարան՝ սպանության փորձի մեղադրանքով։

Մեծ Բրիտանիայի վարչապետը, որի կինը հրեական ծագում ունի, ասել է, որ բազմաթիվ հրեաներ իրենց ասել են, թե իրենց վրա ազդել է բողոքի ակցիաների «կրկնվող բնույթը»։

«Ես խոսքի ազատության և խաղաղ բողոքների մեծ կողմնակից եմ։ Բայց երբ հնչում են «գլոբալացնենք ինտիֆադան» տիպի կարգախոսներ, դա բացարձակապես անընդունելի է։ Ակնհայտ է, որ դրա հետ կապված պետք է ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեն», - ասել է բրիտանացի վարչապետը։

Ինտիֆադան վերաբերում է պաղեստինցիների քաղաքացիական ապստամբություններին Իսրայելի դեմ 1987-1993 թվականներին և 2000-ականների սկզբին։

Սթարմերը հայտարարել է, որ կցանկանար ավելի խիստ վերահսկել երթերի ընթացքում օգտագործվող ձևակերպումները, և որ լինում են դեպքեր, երբ որոշ բողոքի ակցիաներ պետք է ամբողջությամբ դադարեցվեն։

Մեծ Բրիտանիայի հրեական համայնքը այս վանկարկումը համարում է «շատ, շատ վտանգավոր», ասել է Սթարմերը։

Հինգշաբթի Մեծ Բրիտանիան անվտանգության մակարդակը բարձրացրել է մինչև «լուրջ»՝ երկրորդ ամենաբարձր մակարդակի, մասամբ Գոլդերս Գրինում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման, ինչպես նաև «իսլամիստական ծայրահեղականության և ծայրահեղ աջերի սպառնալիքի» պատճառով։

Ոստիկանությունը հայտարարել է, որ ուշադիր կքննի ապագա բողոքի ակցիաների վերաբերյալ բոլոր զանգերը։