Մոտ 1 000 մարդ հավաքվել է Թել Ավիվի Հաբիմա հրապարակում՝ ի նշան բողոքի կառավարության այն փորձի դեմ, որով օրենսդրորեն ամրագրվում է ուլտրաօրթոդոքսների ազատումը զինվորական ծառայությունից, ինչպես նաև այն բանի դեմ, որ կառավարությունը հրաժարվում է ձևավորել պետական հանձնաժողով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետ կապված ձախողումները հետաքննելու համար, հայտնել է Times of Israel-ը։

Հանրահավաքը կազմակերպել է «Որակյալ կառավարման համար» շարժումը, որը դիմել է գերագույն դատարան՝ խնդրելով պարտավորեցնել կառավարությանը զորակոչել ուլտրաօրթոդոքս ուսանողներին և ձևավորել պետական հետաքննիչ հանձնաժողով։

Նախկին նախարար Իցհար Շայը, որի որդին՝ Յարոնը, սպանվել էր Քերեմ Շալոմ կիբուցում հարձակումը հետ մղելիս, բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ կառավարության «անողնաշար քծնողների խմբակին» չի հաջողվի երկար ժամանակ խուսափել հետաքննությունից։

«Մի օր, երբ ստեղծվի պետական հետաքննիչ հանձնաժողով, ջախջախման և աղետի կառավարության նախարարները ստիպված կլինեն երդման տակ մանրամասն բացատրություններ տալ Իսրայելի անվտանգության նկատմամբ իրենց անփութության համար հարձակմանը նախորդած ժամանակահատվածում», - ասել է Շայը։