«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հորդորել է օտարերկրյա ռազմածովային ուժերին՝ չմտնել Հորմուզի նեղուց՝ առևտրային նավերը ուղեկցելու նպատակով։

Նրա խոսքով՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ իրականացված ամերիկա-իսրայելական հարձակման ժամանակ «Միացյալ Նահանգների հանցավոր առաջնորդներն ու ահաբեկչական բանակը» «վտանգի տակ են դրել համաշխարհային առևտրի և տնտեսության անվտանգությունը»։

«Չարամիտ Ամերիկայի կողմնակիցները պետք է զգույշ լինեն և չձեռնարկեն որևէ քայլ, որը կհանգեցնի անդառնալի զղջման։ Իրավիճակն ապակայունացնելուն ուղղված ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները որևէ այլ արդյունք չեն տա, քան կացության բարդացումն ու տվյալ տարածքով անցնող նավերի անվտանգության վտանգումը»,- Աբդոլլահիի խոսքերն է մեջբերում «Fars» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախաձեռնում է մի արշավ, որը կոչվում է «Ազատություն նախագիծ»: Ըստ նրա՝ դա արվում է այն երկրների խնդրանքով, որոնց նավերն արգելափակվել են նեղուցում, որպեսզի «նրանց նավերն անվտանգ անցկացվեն նավարկության համար փակված այդ ջրերով»: