Երևանում այլևս գոյություն չունի պիկ ժամ հասկացությունը, օրվա ցանկացած ժամի տեղաշարժվելը ուղղակի գլխացավանք է, ճանապարհները խցանված են, քաղաքային տրանսպորտը գերբեռնված է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով
Երևանի երթևեկության բարելավման՝ «Միասնության թևերի» ծրագիրը, որը նախատեսում է վերգետնյա մետրոպոլիտեն, «Մեծ Երևան» ծրագիր, լուսացույցերի հատուկ համակարգ, որ ուղևորահոսքերի վերլուծության հիման վրա է։
Նա, մասնավորապես, նշել է. «Տրանսպորտային ցանցի համար պետք է լինի իրատեսական ու համալիր լուծում, ու մենք այդ հարցը լուծելու ենք։ Այդ համակարգը պետք է ներառի վերգետնյա մետրոպոլիտեն, էլեվատորային համակարգ, պետք է լինի մեծ Երևան ծրագիր, որը երկաթուղային համակարգով պետք է իրար միացնի մեր արվարձանները։ Եվ նաև պիլոտային հատուկ ուղղություն պետք է լինի ու այդ առաջին ուղղությունը Երևան-Զվարթնոց-Էջմիածին ուղղությունն է լինելու։
Դրանից բացի պետք է լուսացույցերի հատուկ համակարգ ներդրվի, որը կիրականացնի ուղևորահոսքերի վերլուծություն և ըստ դրա նաև կկառավարվի երթևեկությունը»։





























