Գերմանիայից զորակազմի մի մասը դուրս բերելու ամերիկյան վարչակազմի որոշումը չի ազդի պոտենցիալ հակառակորդին զսպելու և դաշինքի տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի կարողությունների վրա։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի (ՄԶՈՒ) հրամանատարության ներկայացուցիչ Մարտին Օ'Դոնելը։

«ՆԱՏՕ-ի տեսանկյունից, ինչ վերաբերում է զսպման մեր հնարավորություններին և պաշտպանական պլաններին, սա ոչինչ չի փոխի։ <...> Մենք կարող ենք անել դա հիմա և ապագայում էլ կկարողանանք զսպել [հակառակորդին] ու պաշտպանել դաշինքի ողջ տարածքը»,- ասել է նա Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է զորքերի մի մասը դուրս բերի կես տարվա կամ մեկ տարվա ընթացքում, իսկ «այդ ամենի մանրամասների վրա այժմ աշխատանք է տարվում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին հայտարարել էր Գերմանիայում ամերիկացի զինվորականների թվակազմը 5 հազարով կրճատելու մտադրության մասին։ Խոսքը վերաբերում է այդ երկրում ԱՄՆ-ի 38-հազարանոց զորակազմի մոտ 13%-ի դուրսբերմանը։ Դա Եվրոպայում նրանց ամենախոշոր զորախումբն է։ Ամերիկացի առաջնորդը չի հստակեցրել, թե ինչու վարչակազմը կարող է գնալ նման քայլի, սակայն հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատաբար էր արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի վերաբերյալ՝ նշելով Վաշինգտոնի հստակ ռազմավարության բացակայությունը։