Թեև Հայաստան-ԵՄ տնտեսական օրակարգը պարբերաբար համալրվում է նոր հայտարարություններով,  գործնականում եվրոպական ներդրումների ներհոսքը Հայաստան, շարունակում է մնալ պասիվ: Պետական մակարդակով «մեծ շուքով» լուսաբանվող  նախագծերը հաճախ սահմանափակվում են միայն հանդիպումներով ու լուսանկարներով՝ չապահովելով տնտեսական իրական արդյունք։

Այս համատեքստում ուշագրավ է Ստեփանավանի օդանավակայանի շուրջ ծավալվող չեխական նախաձեռնությունը, որը տարիներ տևած քննարկումներից և բանակցություններից հետո դարձել է չիրականացված օրակարգի մաս:

Նախագծի ճակատագրի հետ կապված NEWS.am-ի գրավոր հարցերին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ չեխական կողմը մինչ օրս որևէ հստակ ծրագիր չի ներկայացրել Ստեփանավան քաղաքում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու նախագծի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից հավանություն է տրվել չեխական «Balus Tech» ընկերության՝ Հայաստանում, մասնավորապես՝ Ստեփանավան քաղաքում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու նախագծին: Չեխական կողմին առաջարկվել է ներկայացնել հստակ ծրագիր, որը մինչ օրս չի ներկայացվել»,- ասված է գործակալությանն ուղղված պատասխանում։

Հիշեցնենք, որ 2021-2023 թվականների ընթացքում այս նախագիծը բազմիցս քննարկվել է բարձր մակարդակով՝ ներառյալ Հայաստանի և Չեխիայի վարչապետների ու պաշտոնական պատվիրակությունների միջև հանդիպումների ընթացքում:

Դեռևս 2021 թվականի հուլիսին ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել էր չեխական «Balus Tech» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել էր Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունը:

Նույն տարվա հոկտեմբերին ՏԿԵՆ պատվիրակությունն այցելել էր Չեխիա (ք. Օլոմոուց)՝ ծրագիրն ավելի մանրամասն քննարկելու նպատակով։ Հետագայում հարցը քննարկվել էր նաև 2022 թվականի մայիսին՝ նախարար Գնել Սանոսյանի և Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիչա Կոպեցկիի հանդիպման ժամանակ։ Իսկ արդեն 2023 թվականի մայիսին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չեխիայի այն ժամանակվա վարչապետ Պետր Ֆիալան հայտարարեց, որ «Balus Tech»-ը դիտարկում է Ստեփանավանում արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Նախագծի առկա կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, NEWS.am-ը դեռևս նախորդ ամիս գրավոր հարցում է ուղարկել նաև Հայաստանում Չեխիայի դեսպանատուն՝ պարզելու, թե արդյոք նախագիծը դեռևս համարվում է կենսունակ, թե այն վերջնականապես դուրս է եկել օրակարգից, սակայն մինչ օրս դեսպանությունից որևէ պատասխան չի ստացել: