Հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո վերջին մի քանի օրերին Հորմուզի նեղուցում նավերի երթևեկությունն աշխուժացել է։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնն ու Թեհրանը նավատերերին հակասական հրահանգներ են տալիս այս կարևորագույն ջրային ուղիով անցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ նավատերերը շփոթմունքի մեջ են հայտնվել «Իրանի, ԱՄՆ-ի և արևմտյան ապահովագրական ընկերությունների հակասական ցուցումների պատճառով և չեն կողմնորոշվում, թե որն է Պարսից ծոցից դուրս գալու ամենաանվտանգ երթուղին»։

Ամերիկյան «Safesea Shipping» տրանսպորտային-լոգիստիկ ընկերության ղեկավար Ս. Վ. Անչանի խոսքով՝ նավատերերն ու օպերատորները հայտնվել են երկընտրանքի առջև։ Եթե նրանք հետևեն «ապահովագրողների ու ԱՄՆ իշխանությունների հրահանգներին և նավարկեն Օմանի ափերին ավելի մոտ», ապա ռիսկի կդիմեն ենթարկվել իրանական կողմի գործողություններին։ Մյուս կողմից, եթե նրանք շարժվեն Իրանի ցուցումներով և անցնեն Իրանի ափամերձ գոտով, ապա կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան պատժամիջոցների կանոնակարգերի հետ կամ խախտել ապահովագրական ընկերությունների որոշ հանձնարարականներ։

Ինչպես անանունության պայմանով FT-ին հայտնել է բեռների ապահովագրությամբ զբաղվող բրոքերներից մեկը, «իրանցիները պահանջում են, որ նավերն անցնեն իրանական երթուղով և տուրքեր վճարեն», իսկ ԱՄՆ-ն «հրահանգում է նավերին շարժվել օմանյան երթուղով և նրանց ուղեկցում է ավիացիայի միջոցով»։ Նրա ձևակերպմամբ՝ այս գործընթացը վատ է համակարգված և «կարող է վատ վերջաբան ունենալ»։

Ստեղծված իրավիճակում նավատերերը, օպերատորներն ու ապահովագրողները «փորձում են հավասարակշռություն գտնել անվտանգության և շահագործման պահանջների միջև, ինչը մտահոգություններ է առաջացնում որոշ նավերի անձնակազմերի մոտ»,— փաստում է չորաբեռների փոխադրմամբ զբաղվող «DryDel Shipping» ընկերության գլխավոր տնօրեն Կոստաս Դելապորտասը։