ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հետ խաղաղ միջուկային համագործակցության մասին համաձայնագիրը կիրականացվի միայն այն դեպքում, եթե Էր Ռիադը միանա «Աբրահամյան համաձայնագրերին» և կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ, հայտնել է Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված համաձայնագրերին Սաուդյան Արաբիայի մասնակցությունը կդառնա գործարքի իրականացման պարտադիր պայման։
Ավելի վաղ Էր Ռիադը հայտնել էր, որ պատրաստ չէ Իսրայելի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատել առանց պաղեստինյան պետության ստեղծման հստակ ծրագրի։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նույնպես հայտնել է, որ առանց «Աբրահամյան համաձայնագրերին» Սաուդյան Արաբիայի միանալու՝ միջուկային գործարքը չի կայանա։
Նախօրեին ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հայտնել էին խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ պայմանավորվածության մասին, որը նախատեսում է սաուդյան միջուկային ծրագրի զարգացում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ։




























