Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով ամենախոշոր գետերի ցածր մակարդակն ու չորացումը հանգեցնում են ԵՄ ատոմային և հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության նվազմանը, ինչպես նաև գերմանական էլեկտրակայանների համար ածխի մատակարարումների խափանման վտանգ են ստեղծում, հայտնում է Euractiv պարբերականը։
«Եվրոպական էներգահամակարգը սթրես-թեստ է անցնում, քանի որ դաշինքի կարևորագույն գետերը չորանում են՝ նվազեցնելով ատոմային և հիդրոէլեկտրակայանների արտադրողականությունը և սպառնալով Գերմանիայի՝ Հռենոսով նավարկությունից կախվածություն ունեցող ածխային էլեկտրակայաններին», - ասված է հրապարակման մեջ։
Euractiv-ի տվյալներով՝ անցյալ երկուշաբթի օրվա դրությամբ Հռենոսի ջրի մակարդակը ցածր է եղել վերահսկիչ կետերի գրեթե կեսում, իսկ Դանուբի վրա կետերի ավելի քան կեսում գնահատվել է «ծայրահեղ ցածր»։ Այս ֆոնին Գերմանիայի տրանսպորտի նախարար Շտեֆեն Բիլգերը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը տարվա այս եղանակի համար արտասովոր վաղ է ի հայտ եկել, և հայտնել է նավարկության հարցերով արտակարգ խորհրդակցություն անցկացնելու մասին։
Հունգարիան, հովացման ջրի պակասի պատճառով երկրում միակ ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցումից հետո, իր հերթին բնակչությանն ու ձեռնարկություններին կոչ է արել կրճատել էլեկտրաէներգիայի գիշերային սպառումը՝ միաժամանակ ավելացնելով հարևան պետություններից էլեկտրաէներգիայի ներկրումը։
Ռումինիայում իշխանությունները, Euractiv-ի փոխանցմամբ, ստիպված են եղել Դանուբի վրա պայթեցման աշխատանքներ իրականացնել՝ ժամանակավոր պատնեշ կառուցելու և ԱԷԿ-ի վերջին գործող էներգաբլոկի հովացումն ապահովելու համար։
Ֆրանսիայում գետի ջրի բարձր ջերմաստիճանը ստիպում է օրվա ամենաշոգ ժամերին սահմանափակել ատոմային ռեակտորների մի մասի աշխատանքը։
Ավստրիայում Դանուբի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանները սովորականից մոտ 30%-ով պակաս էլեկտրաէներգիա են արտադրում։
Խնդիրները հարվածել են նաև Գերմանիայի արդյունաբերությանը։ Հռենոսի ջրի մակարդակի անկման պատճառով բեռնատար նավերն ստիպված են զգալիորեն քիչ բեռներ փոխադրել, ինչի արդյունքում գետային փոխադրումների արժեքն աճել է մոտ երեք անգամ, ինչը դժվարացնում է քիմիական ոլորտի ձեռնարկությունների և մի շարք ածխային էլեկտրակայանների մատակարարումը, որոնք կախված են գետով վառելիքի ստացումից։
Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի գնահատմամբ՝ ջրի ցածր մակարդակի հետևանքները երրորդ քառորդում կարող են 0,1-0,2%-ով կրճատել Գերմանիայի ՀՆԱ-ն, ինչը կարող է Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը հասցնել լճացման։
2022-2023 թվականների էներգետիկ ճգնաժամից հետո եվրոպական երկրները ստիպված եղան գործարկել էներգիայի ստացման բոլոր հնարավոր աղբյուրները, այդ թվում՝ ածխային էլեկտրակայանները։ Այս ամենն իրականացվել է Բրյուսելի մինչև 2050 թվականը վնասակար արտանետումները զրոյացնելու վերաբերյալ սահմանած կլիմայական նպատակներին։ Նման պայմաններում խոշորագույն գետերի վիճակից էներգետիկայի ունեցած կախվածությունը տարածաշրջանի էներգահամակարգի համար դարձել է լրացուցիչ ռիսկի գործոն։
Փորձագետները նշում են, որ իրավիճակը ձևավորվում է միաժամանակ մի քանի գործոնների ազդեցությամբ, որոնք ձմեռային շրջանից առաջ բարդացնում են եվրոպական էներգետիկայի դրությունը։ Իրանի շուրջ զինված հակամարտությունից և Հորմուզի նեղուցով նավարկության խափանումներից հետո Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները կրճատվել են, ինչն արդեն ստիպել է եվրոպացի գնորդների մի մասին ավելի ակտիվորեն դիմել ռուսական ՀԲԳ-ին։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի սկզբից դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական խողովակաշարային գազի տարանցումը, ինչի պատճառով եվրոպական շուկան զրկվել է մատակարարումների ևս մեկ խոշոր աղբյուրից։
Այս ֆոնին գետերի ցածր մակարդակի պատճառով հիդրոէլեկտրակայանների և ատոմային գեներացիայի աշխատանքի խնդիրները կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի նախապատրաստումը ձմեռային շրջանին և ուժեղացնել եվրոպական էներգետիկ շուկայի վրա գործադրվող ճնշումը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բազմիցս ատոմային էներգետիկան անվանել է ռուսական էներգակիրներից հրաժարվելու շրջանում Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման առանցքային տարրերից մեկը։ Սակայն ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ծայրահեղ շոգի պայմաններում նույնիսկ ատոմային գեներացիան չի կարող լիովին երաշխավորել էներգամատակարարման կայունությունը։
Ռուսաստանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ ռուսական էներգակիրներից Եվրամիության հրաժարվելը վնաս է հասցնում առաջին հերթին հենց եվրոպական տնտեսությանը, մինչդեռ Մոսկվան պահպանում է էներգառեսուրսների արտահանումն այլ շուկաներ վերաուղղորդելու հնարավորությունը։



























