Աբխազիայի նորընտիր նախագահ Սերգեյ Բաղապշի երդմնակալության արարողությունը կայանալու է փետրվարի 12-ին՝ համեստ կերպով: Այդ մասին ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել է հանրապետության նախագահը:
Նրա խոսքով, արարողությունը կանցնի բավականին համեստ, «առանց ձեւականությունների եւ շքեղության»:
Միաժամանակ Բաղապշը հաստատել է, որ հանրապետության կառավարությունում աննշան փոփոխություններ կլինեն, բայց «կառավարության կորիզը կմնա»:
Նշենք, որ նախագահի թեկնածու եւ Բաղապշի հիմնական մրցակից Ռաուլ Խաջիմբան հայտարարել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու իր մտադրության մասին: «Մենք չենք ճանաչում ընտրությունները եւ բողոքարկելու ենք ԿԸՀ ու դատարան»,- նրա խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»: Խաջիմբայի կարծիքով, ընտրություններն անցել են «խախտումներով, ամեն մի տեղամասում հավելյալ ընտրողների քանակը տարբերվում էր իրականից, լրացուցիչ բազմաթիվ ցուցակներ են եղել»: Միեւնույն ժամանակ Խաջիմբան չի ժխտել, որ նախընտրական քարոզարշավն անցել է բավական հանգիստ մթնոլորտում:
Նշենք, որ համաձայն ԿԸՀ տվյալների՝ Աբխազիայի գործող նախագահը հաղթանակ է տարել դեկտեմբերի 12-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով 59,37 տոկոս:
Նրա հիմնական մրցակից Ռաուլ Խաջիմբան հավաքել է 15,4 տոկոս, Զաուր Արձինբան՝ 10,8, Բեսլան Բուտբան՝ 7,8, իսկ Վիտալի Բգանբան՝ 1,5 տոկոս ձայն:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 74,4 տոկոս:
Ինչպես տեղական ԿԸՀ-ն, այնպես էլ միջազգային դիտորդները նշել են, որ քվեարկության ժամանակ խախտումներ չեն եղել՝ նկատելով, որ «տեխնիկական որոշակի թերություններ են արձանագրվել»:




























