Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Արփինե Իսախանյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, ապրանքանիշը՝ «Բուրջուա»)։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: 

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ 

Ի մասնավորի, հայտնաբերվել են հետևյալ խախտումները. 

Չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։ 

Չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում, ինչպես նաև արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։ 

Արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ 

Առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը։ 

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։ 

Սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։ 

Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ։