Մարդու իրավունքների պաշտպանը դեկտեմբերի 1-ին հրաժարվել է աջակցել լիբանանահայ, ղարաբաղյան ազատամարտի մասնակից, «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության ղեկավար ԺիրայրՍեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցում: Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» համակարգող Աղավնի Հարությունյանը, որն էլ դիմել էր օմբուդսմենին:
Մարդու իրավունքների պաշտպանը Սեֆիլյանի կացության մերժման հիմք հանդիացող տեղեկատվություն ու փաստաթղթեր ստանալու համար դիմել էր ԱԱԾ տնօրենին, որն էլ հայտնել է, թե լիբանանահայ ազատամարտիկի նկատմամբ դատական գործ կա հարուցված 2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ պետական կարգը տապալելուն ուղղված կոչեր եւ հայտարարություններ անելու համար: Սա էլ հիմք է եղել, որ ՄԻՊ-ը մերժի Սեֆիլյանին:
«Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ-ի պատասխանն ասաց. «ԱԱԾ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր քաղաքականությանը եւ ոչ մի հիմնավոր պատասխան չի տալիս, պարզապես բառերի կույտ է, որը կարող է տպավորություն թողնել ոչ մասնագետի վրա: Ոչ մի բովանդակային պատասխան չկա»:
Նա նաեւ նշեց, որ նորից պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին՝ քաղաքացիություն ստանալու համար։ Ի դեպ, 2004, 2006, 2008 թվականներին եւս նույն խնդրանքով դիմել են, սակայն մերժում են ստացել:
Ի դեպ, Սեֆիլյանին չեն տրամադրել նաեւ ժամանակավոր կացության իրավունք, եւ նրան երկրից չեն վտարում միայն այն պատճառով, որ ունի փոքր երեխա: Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու համար նախկինում դիմել են Անձնագրային եւ վիզաների վարչություն, Սփյուռքի նախարարություն:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ներկայումս Հայ ազգային կոնգրեսի անդամ է եւ արդեն 18 տարի է, որ ապրում է Հայաստանում:




























