Թուրքիան «չի ընկնի այն ծուղակը», որը փորձում է լարել Իսրայելը, հայտարարել են Թուրքիայի նախագահի վարչակազմում Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազային իսրայելական հարվածից հետո, փոխանցում է AFP-ը։

«Մենք բավական փորձառու ենք, որպեսզի չընկնենք այնպիսի գործիչների ծուղակը, ինչպիսին է [Իսրայելի վարչապետ] Բենիամին Նեթանյահուն, որոնք ձգտում են խաթարել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում», — հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցությունների տնօրեն Բուրհանեթթին Դուրանը։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ վերջերս թուրքական ռազմական պատվիրակություն է այցելել այն ավիաբազա, որի վրա հարված է հասցվել։ Անկարան հերքում է նման այցի փաստը։

Միաժամանակ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շայբանին նախօրեին հաստատել էր, որ թուրք զինվորականները վերջերս այցելել էին այդ ավիաբազա։

Սակայն, նրա խոսքով, խոսքը այնտեղ թուրք զինծառայողների տեղակայման ծրագրերի մասին չէ։