Իսրայելը և Թուրքիան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվող սիրիական ավիաբազային Իսրայելի հասցրած հարվածից հետո։ Միջադեպը սրել է Սիրիայում ազդեցության համար պայքարը Մերձավոր Արևելքի երկու ամենահզոր ռազմական տերությունների միջև, գրել է FT-ն։
Չորեքշաբթի Անկարան խիստ դատապարտել է նախորդ օրը Աբու Դուհուր ավիաբազային հասցված իսրայելական հարվածները։ Հարձակումն առաջացրել է ԱՄՆ՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի անսովոր կոշտ արձագանքը, որը դա անվանել է «անհարկի էսկալացիա»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիան մոտ էր կողմերի միջև ձեռք բերված անվտանգության ոլորտում «ստատուս քվոյի» պահպանման համաձայնությունը խախտելուն, քանի որ թույլ էր տվել թուրք զինվորականներ տեղակայել բազայում։ Իսրայելում պնդում են, որ բազմիցս նախազգուշացրել էին Դամասկոսին․ այնտեղ թուրքական ուժերի հայտնվելը սպառնալու է երկրի անվտանգությանը։
Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմում բազայում թուրք զինծառայողների տեղակայման մասին հայտարարություններն անվանել են «անհիմն»։ Անկարայի կարծիքով՝ Իսրայելն այս պատրվակն օգտագործում է հոկտեմբերյան ընտրություններից առաջ «էքսպանսիոնիստական և ապակայունացնող քաղաքականություն» վարելու համար։
Միջադեպը ցույց է տվել, թե որքան տարբեր են Թուրքիայի և Իսրայելի պատկերացումները Սիրիայի ապագայի և տարածաշրջանի ավելի լայն կառուցվածքի վերաբերյալ։
Թուրքիան Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարության գլխավոր դաշնակիցներից է․ նա նախկին իսլամիստ մարտիկ է, որը գլխավորել էր ապստամբների հարձակումը, որի արդյունքում 2024 թվականի դեկտեմբերին տապալվեց Բաշար Ասադը։
Անկարան Դամասկոսին տրամադրում է ռազմական, տեխնիկական և լոգիստիկ աջակցություն՝ օգնելով վերականգնել գրեթե 14 տարի տևած քաղաքացիական պատերազմից ավերված պետական ինստիտուտները, որի ընթացքում զոհվել է մոտ 500 հազար մարդ։
Իսկ Իսրայելը, ընդհակառակը, աշ-Շարաայի կառավարությունը, որտեղ գերակշռում են իսլամիստական ուժերը, դիտարկում է որպես պոտենցիալ սպառնալիք։ Ասադի անկումից հետո Իսրայելը լայնածավալ հարվածներ է իրականացրել Սիրիայի տարածքում, ոչնչացրել է ռազմական ենթակառուցվածքի զգալի մասը և զբաղեցրել դիրքեր երկրի հարավում։
Իսրայելի առանձնահատուկ մտահոգությունն առաջացնում է Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը։ Անկարան քաղաքացիական պատերազմի տարիներին իրականացված մի քանի ռազմական գործողություններից հետո շարունակում է Սիրիայի հյուսիսում պահել հազարավոր զինծառայողների։ Իսրայելը վախենում է, որ Թուրքիայի կողմից մշտական ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը կարող է սահմանափակել իսրայելական բանակի գործողությունների ազատությունը, հատկապես սիրիական օդային տարածքում։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի Աբու Դուհուր ավիաբազան քաղաքացիական պատերազմի ընթացքում գտնվում էր ապստամբների վերահսկողության տակ։ Վերջին տասը տարիների ընթացքում այն գրեթե չէր օգտագործվում, սակայն վերջերս այնտեղ վերականգնողական աշխատանքներ են սկսվել։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ թուրքական պատվիրակությունը բազա էր այցելել աշխատանքների ընթացքն ստուգելու համար իսրայելական հարվածներից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Օբյեկտը գտնվում է թուրքական սահմանից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա։
Իսրայելն ավելի ու ավելի հաճախ է Թուրքիային դիտարկում որպես նոր Իրան
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սկսել են կտրուկ վատթարանալ 2024 թվականին՝ Գազայի պատերազմի ֆոնին։ Անկարան դադարեցրել է Իսրայելի հետ երկկողմ առևտուրը, երկրների միջև քաղաքական և ռազմական լարվածությունը շարունակել է աճել։
Հակամարտությունն առանձնապես սրվել է Սիրիայի պատճառով։
Հունիսին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունը «սկսվում է Հալեպից, սկսվում է Դամասկոսից, սկսվում է Բեյրութից»։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան «աչք չի փակի մեր եղբայրների դեմ որևէ հարձակման վրա»։
Իսրայելում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի հաճախ դիտարկվում է որպես անվտանգության ինքնուրույն մարտահրավեր։ Իսրայելցի որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ Թուրքիան արդեն անվանում են «նոր Իրան»։
Հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, Նեթանյահուի իշխող կոալիցիայի՝ հարցումներում հետ մնալու ֆոնին, նրա «Լիկուդ» կուսակցությունը Թել Ավիվում տեղադրել է նախընտրական պաստառներ Էրդողանի, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի և Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մանդանիի պատկերներով։ «Նրանք ուզում են, որ Նեթանյահուն պարտվի։ Թույլ մի տվեք, որ նրանք հաղթեն», — ասվում է պաստառներում։
Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաուսի խոսքով՝ Իսրայելի մտահոգությունները կապված են Անկարայի հռետորաբանության կոշտացման, ինչպես նաև տարածաշրջանում նրա ռազմական հավակնությունների և հնարավորությունների ընդլայնման հետ։
Օգոստոսի սկզբին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր, որի համաձայն՝ երեք երկրներից մեկի վրա զինված հարձակումը պետք է դիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա։
Բացի այդ, Թուրքիան Դոհայում ունի զինված ուժերի համատեղ հրամանատարություն Կատարի հետ, որտեղ տեղակայված է մոտ 3 հազար թուրք զինծառայող։ Եվս ավելի քան 500 զինծառայող ընդգրկված է Մոգադիշոյում (Սոմալի) թուրքական օպերատիվ հրամանատարության կազմում։
«Մի բան է, երբ Թուրքիան մասնակցում է միայն հյուսիսային Իրաքի և հյուսիսային Սիրիայի իրադարձություններին, բոլորովին այլ բան է, երբ Թուրքիան բազա ունի Կատարում, բազա՝ Սոմալիում, աճող ներկայություն Սիրիայում, և խորհրդականներ, որոնք օգնում են ստեղծել սիրիական բանակը», — նշել է Լինդենշտրաուսը։
Միևնույն ժամանակ, Թուրքիան և նրա արաբ գործընկերներն ավելի ու ավելի հաճախ Իսրայելին մեղադրում են տարածաշրջանն ապակայունացնելու մեջ՝ նրա ռազմական գործողությունների պատճառով։
Աբու Դուհուրը Թուրքիային առնչվող առաջին սիրիական ռազմական օբյեկտը չէ, որը ենթարկվել է իսրայելական հարձակման։ Անցյալ տարի իսրայելական հարվածները լրջորեն վնասել էին Համայի ռազմական օդանավակայանը և Հոմսի ռազմական օբյեկտները, որոնք, ինչպես հաղորդվում էր, Անկարան դիտարկում էր օգտագործման համար։
Էրդողանի վարչակազմում հայտարարել են, որ Թուրքիան կշարունակի համագործակցել սիրիական կառավարության հետ «օրինական հիմունքներով»՝ Սիրիայում խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու համար։
Անկարան նաև ընդգծել է, որ «երբեք թույլ չի տա ապակայունացնել Սիրիան»։
Այսպիսով, Աբու Դուհուրին հասցված հարվածը դարձավ ոչ թե պարզապես Իսրայելի սիրիական արշավի հերթական դրվագը։ Այն ցույց տվեց, որ Իսրայելի և Թուրքիայի միջև ազդեցության համար պայքարը դառնում է ավելի ու ավելի բաց, և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ցանկացած հետագա ընդլայնում կարող է հանգեցնել երկու պետությունների միջև ավելի վտանգավոր ուղիղ բախման։




























