Հայաստանի բնակչության 80 տոկոսը ենթակա է աղետների ռիսկի: Հայաստանին սպառնում են բազմաթիվ բնական աղետներ, որոնք վերջին տասնամյակներին որոշ սոցիալ-տնտեսական վնասներ են հասցրել երկրին եւ շարունակելու են մեծ ծավալներով խլել պետության սահմանափակ միջոցները, քանի դեռ կառավարությունը նախահարձակ գործողություններ չի ձեռնարկել ռիսկերի նվազեցման եւ աղետներին նախապատրաստվելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը՝ Աղետների նվազեցման եւ վերականգնման գլաբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցի քննարկմանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, խոսելով բնական աղետների հնարավոր ռիսկերի, դրանց սոցիալ-տնտեսական հետեւանքների, երկրում աղետներին դիմագրավելու կարողությունների հզորացման մասին, մասնավորապես, ասել է, թե «մենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում, պետք է սովորենք կառավարել ռիսկերը: Դա նշանակում է, որ պետք է ունենանք ժամանակակից կառավարման համալիր համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխատեսել աղետները, ինչը չափազանց դժվար իրագործելի է»:
Քննարկմանն առաջարկվել է նաեւ համայնքներին տրամադրել հավելյալ լիազորություններ, աջակցել նախաձեռնությունները, խթանել պետության եւ մասնավոր հատվածի գործակցությունը:




























