«Թուրքիայում, որտեղ բնակչության 99 տոկոսը մահմեդական է, ազգային փոքրամասնությունները, ինչպիսիք են՝ հայերը, հույները եւ հրեաները, կարող են ազատորեն դավանել իրենց կրոնը»,- մեջբերում է Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի խոսքերը իսպանական ABC պարբերականը: Բարձր վարկանիշ ունեցող այս թերթը նշում է, որ Բաղըշը, ով մասնակցում է ԵՄ Թուրքիայի անդամակցելու շուրջ տարվող բանակցություններին`այս խոսքերն ասելով բողոքել է Շվեյցարիայի իշխանություններից, որոնք արգելել են երկրի տարածքում մզկիթներ կառուցելը:
Սակայն Բաղըշը մոռացել է մի կարեւոր հանգամանք. Թուրքիայում սահմանափակված են այս կամ այն կրոնական փոքրամասնության պաշտամունքի արդեն գոյություն ունեցող վայրերում արարողություններ իրականացնելու հնարավորություները: Թուրքիայում հնարավոր է կառուցել միայն մահմեդական տաճարներ, գրում է թերթը:
2003 թվականին, երբ Թուրքիան սկսեց Եվրամիությանը անդամակցելու գործընթացը, իշխող « Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հետաձգեց իշխանությունների կողմից դավանանքի ազատության սահմանափակումները, որոնք գոյություն են ունեցել Թուրքիայի Հանրապետության ողջ ընթացքում: Սակայն այս ամենը միայն տեսականորեն, իսկ գործնականում… Օրինակ արդեն 7 տարի է, ինչ Փրկության բողոքական եկեղեցին խնդրում է մի քանի տաճարներ կառուցել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել":
Այնուհետեւ ABC-ին մեջբերում է թուրք փաստաբան Օրհան Քեմալ Չենգիզի խոսքերը.
«Մինչ 2003 թվականը օրենքը թույլ էր տալիս մզկիթներ կառուցել: Այսօր օրենքը մի քիչ արդիականացվել է: Մզկիթ բառը փոխարինել են „պաշտանմունքի վայր“ բառակապակցությունով: Սակայն դա չլուծեց խնդիրը: Քաղաքապետները եւ նահանգապետները թույլտվություն չեն տալիս»:
Թերթը հիշեցնում է, որ կաթոլիկ առաջնորդները մի քանի տարի է, ինչ պահանջում են Տարսոնում կաթոլիկ Սուրբ Հովհաննես եկեղեցին իրենց վերադարձնել, որը առգրավվել է 1943 թվականի եւ այդ ժամանակից գործում է իբրեւ թանգարան:
Կարելի է հիշել մահմեդական ալեւի աղանդի ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի տարի է խնդրում են իրենց պաշտամունքի վայրերը ճանաչել որպես այդպիսին: Սակայն Էրդողանի վարչակազմը հակված է միայն դրական խոստումներ տալու…":




























