Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները հայտնաբերել և իրենց վերահսկողության տակ են վերցրել ուրանի խոշոր պաշարներ, որոնք Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադի կառավարման տարիներին թաքցնում էին միջազգային փորձագետներից։ Այս մասին ասվում է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսիի փակ զեկույցում, որը երեքշաբթի ներկայացվել է Վիեննայում, փոխանցում է dpa-ն։
Փաստաթղթի համաձայն՝ հայտնաբերված նյութի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 73 տոննա, որից շուրջ 55 տոննան վառելիքային ձողեր են՝ նախատեսված միջուկային ռեակտորի կառուցման գաղտնի ծրագրի համար։
Սա հայտնաբերված միջուկային նյութերի առաջին մանրամասն ցուցակագրումն է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ Գրոսսին և Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին հայտարարեցին Դամասկոսում ուրանի պաշարների գոյության մասին։
Վերջին օրերին ԱԷՄԳ մասնագետները ստուգել են նյութն ու ապահովել դրա պահպանությունը․ այժմ պաշարները գտնվում են գործակալության մշտական վերահսկողության տակ։ Ավելի վաղ Գրոսսին նախազգուշացրել էր, որ այս նյութը կարող է օգտագործվել այլ նպատակներով։
2007 թվականին Իսրայելը հարվածել ու ոչնչացրել էր Սիրիայում գտնվող այն օբյեկտը, որտեղ, ենթադրաբար, կառուցվում էր գաղտնի միջուկային ռեակտոր՝ թույլ չտալով դրա օգտագործումը միջուկային զենք ստեղծելու համար։ 2011 թվականին ԱԷՄԳ-ն եզրակացրեց, որ այդ վայրն իսկապես գաղտնի ռեակտոր էր՝ նման Հյուսիսային Կորեայի միջուկային ռեակտորին։
Գրոսսիի խոսքով՝ Սիրիայի նախկին կառավարությունը գործակալությունից թաքցրել էր միանգամից երեք օբյեկտ՝ ռեակտորը, վառելիքի արտադրման ձեռնարկությունն ու նյութերի պահեստարանը։ ԱԷՄԳ-ի հետ համագործակցության բացակայության և հաջորդած քաղաքացիական պատերազմի պատճառով տեսուչները երկար տարիներ չէին կարողանում տեղում լիարժեք քննություն անցկացնել։
2024 թվականի վերջին Բաշար Ասադի տապալումից հետո գործընթացը նոր թափ ստացավ։ Գրոսսին բարձր է գնահատել Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել նրանց՝ ցուցաբերած թափանցիկության համար։




























