ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) բարձրաստիճան պաշտոնյաների համար սպառնալիք չէր համարում ընդհուպ մինչև 2024 թվականին նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձը, որի նախապատրաստման ընթացքում կիրառվել էր դրոն։ Այս մասին նշված է պետական աուդիտի զեկույցում։
20-ամյա Թոմաս Մեթյու Կրուկսը 2024 թվականի հուլիսի կեսերին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքից առաջ դրոն էր օգտագործել մահափորձը ծրագրելու համար։ Նա անարգել արձակել էր անօդաչուն միջոցառումից ընդամենը մի քանի ժամ առաջ՝ տարածքը հետախուզելու նպատակով։
Սակայն գերատեսչությունը քաղաքացիական ԱԹՍ-ների մասնակցությամբ միջադեպերի էր բախվել առնվազն 2015 թվականից։ Այն ժամանակ դրոնը Հավայիում մոտեցել էր նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը, իսկ 2016-ին մեկ այլ անօդաչու էր թռել նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի հանրահավաքի մասնակիցների վրայով՝ մոտ 60 մետր բարձրության վրա։ Եվս մի քանի քվադրոկոպտեր նկատվել էին 2021 թվականի հունվարին Վաշինգտոնում՝ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ։
Բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության անվտանգության կանոնակարգերը փոփոխվել են միայն 2024 թվականին Թրամփի դեմ իրականացված մահափորձից հետո, ասված է զեկույցում։
Աուդիտը ցույց է տվել նաև, որ 22 անվտանգության կանոնակարգերից 8-ը սահմանված ժամկետներում չեն վերանայվել, թեև դրանք պետք է թարմացվեն չորս տարին մեկ։ Իսկ ԱՄՆ փոխնախագահի արտասահմանյան ուղևորությունների ապահովմանն առնչվող հրահանգներից մեկը չէր թարմացվել դեռևս 2001 թվականի հուլիսից։
Թրամփի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2024 թվականի հուլիսի 13-ին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում կայացած նախընտրական ելույթի ժամանակ։ ԱՄՆ ապագա նախագահը վիրավորվել էր ականջի շրջանում, հանրահավաքի մասնակիցներից մեկը զոհվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել։ Գաղտնի ծառայության տվյալներով՝ Կրուկսը կրակ էր բացել միջոցառման տարածքից դուրս գտնվող արդյունաբերական շենքի տանիքից։ Նրան տեղում նկատել և չեզոքացրել էին։





























