Արհեստական բանականության չարաշահումն ու միջուկային պատերազմը կարող են հանգեցնել մարդկության վերացմանը մինչև XXI դարի վերջը։ Այս մասին ասվում է The Lancet ամսագրում հրապարակված փորձագետների հանձնաժողովի զեկույցում, որը նվիրված է առաջիկա 75 տարիների ընթացքում առողջությանը սպառնացող գլոբալ վտանգներին։ Փորձագետները առանձնացրել են 17 հիմնական վտանգ, որոնց թվում են նաև կլիմայական ճգնաժամը, օդի աղտոտումը, երեխաների թերսնումը և աղքատ երկրներին միջազգային օգնության կրճատումը։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ արհեստական բանականության և միջուկային հակամարտության հետ կապված աղետալի սցենարների հավանականությունը մնում է ցածր։ Սակայն հետևանքները կարող են լինել այնքան մասշտաբային, որ վտանգի տակ դնեն ողջ մարդկության գոյությունը։ Մասնավորապես, ԱԲ-ի օգնությամբ ստեղծված կենսաբանական զենքի կիրառումը կարող է աղետ առաջացնել, իսկ միջուկային պատերազմը կարող է հանգեցնել միջուկային ձմռան․ մեծ քանակությամբ մասնիկների ներթափանցումը մթնոլորտի վերին շերտեր կփակի արևի լույսը, կառաջացնի սառեցում և սով։

Զեկույցի հետ միասին հրապարակված խմբագրական հոդվածում The Lancet գիտական ամսագիրը նախազգուշացրել է, որ նման սցենարների իրականացումը մարդկության համար կվերածվեր ապոկալիպտիկ մասշտաբների աղետի։

Հանձնաժողովը սպառնալիքները գնահատել է DALY ցուցանիշի օգնությամբ՝ առողջ կյանքի այն տարիների քանակով, որոնք կորսվում են վաղաժամ մահվան, հիվանդությունների և հաշմանդամության պատճառով։ Հետազոտողների հաշվարկներով, խոշոր աղետալի սպառնալիքների շարքին են դասվում նաև օդի աղտոտումը, հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունությունը, մանկական թերսնումը, կլիմայական փոփոխությունները, սովորական զինված հակամարտությունները, արտաքին օգնության կրճատումը, ալկոհոլի չափազանց օգտագործումը, բարձր արյան ճնշումը, եկամուտների անհավասարությունը, կրթության անբավարար մակարդակը, բնական համավարակները, ճարպակալումը, հոգեկան խանգարումները, ծխելը և անառողջ ծերացումը։ Այս սպառնալիքներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել առողջ կյանքի ավելի քան մեկ միլիարդ տարվա համախառն կորստի։

Ամենանշանակալի վտանգներից մեկը հանձնաժողովը համարել է առողջապահության ոլորտում միջազգային օգնության հնարավոր կտրուկ կրճատումը։ Փորձագետների գնահատմամբ, դրա փլուզումը կամ էական նվազումը կարող է մինչև 2100 թվականը հանգեցնել առողջ կյանքի մինչև 1,5 միլիարդ տարվա կորստի։ Այս կորուստների գրեթե 70%-ը բաժին կհասնի Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրներին։ Վերջին տարվա ընթացքում արտաքին օգնության ծախսերի լայնածավալ կրճատման մասին հայտարարել են մի քանի խոշոր դոնորներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Հետազոտողները նաև գնահատել են տարբեր կլիմայական սցենարների հետևանքները։ Եթե հաջողվի սահմանափակել գլոբալ տաքացումը մոտավորապես 1,8 աստիճան Ցելսիուսով, առողջ կյանքի կորուստները կարող են լինել 1,89 միլիարդ տարով պակաս, քան 4,4 աստիճան տաքացման դեպքում։

Սպառնալիքների բնույթը տարբերվում է՝ կախված բնակչության եկամուտների մակարդակից։ Ավելի հարուստ տարածաշրջաններում նշանակալի դեր են խաղում ոչ վարակիչ հիվանդությունները, ներառյալ ճարպակալումը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրները։ Ավելի քիչ ապահովված երկրներում առողջ կյանքի կորստի լուրջ գործոն շարունակում է մնալ կրթության ցածր մակարդակը։

Հանձնաժողովի համանախագահ, Վաշինգտոնի համալսարանի Առողջության ցուցանիշների և գնահատման ինստիտուտի տնօրեն Քրիստոֆեր Մյուրեյն ընդգծել է, որ ներկայիս ղեկավարների կողմից ընդունվող որոշումները կսահմանեն հաջորդ սերունդների առողջությունն ու բարեկեցությունը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 35 փորձագետներ։ Նրանք կոչ են արել կառավարություններին չսպասել, մինչև սպառնալիքները վերածվեն ճգնաժամերի, այլ նախապես ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաներում, ամրապնդել առողջապահական համակարգերը և ռեսուրսներ հատկացնել կանխատեսման, կանխարգելման և հնարավոր աղետներին նախապատրաստվելու համար։ Հեղինակները մտադիր են ամեն տարի թարմացնել գնահատականը՝ վերանայելով սպառնալիքների ցանկը՝ հաշվի առնելով նոր տվյալներն ու առաջացող ռիսկերը։